Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել են վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), իսկ աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն): «Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քրեական գործի շրջանակներում ինտենսիվ կերպով անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ դեպքի հանգամանքների և դրա մասնակիցների շրջանակի բացահայտման ուղղությամբ»,- տեղեկացրին դատախազությունից: