Իսրայելում տագնապի ազդանշանն ամբողջ գիշեր չի դադարել, հրթիռակոծությունը շարունակվել է նաև առավոտյան: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ մեկուկես օրվա ընթացքում խոցել են Գազայի հատվածի մոտ 500 թիրախ: Ըստ պաղեստինյան կողմի՝ Գազայում զոհերի թիվը 53 է: Հրեական պետությունում հինգ մարդ է մահացել, մոտ 200-ը վիրավոր է: Իսրայելական Լոդ քաղաքում էլ ընդհարումներ են տեղի ունեցել հրեաների ու արաբների միջև: Քաղաքի իշխանությունը հայտարարել է՝ իրադրությունն անկառավարելի է դառնում:
Բենյամին Նեթանյահու, Իսրայելի վարչապետ - Մենք հակամարտության ամենաթեժ փուլում ենք: Համասը և Իսլամական ջիհադը շատ ծանր գին կվճարեն իրենց ռազմատենչության համար:
Հրեական պետության հասցեին կոշտ գնահատականներ են հնչում Անկարայից: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Իսլամական երկրների արտգործնախարարներին առաջարկել է Պաղեստին ուղարկել «միջազգային պաշտպանության ուժեր։ Արևելագետների համոզմամբ՝ Անկարան պաղեստինյան հարցը շահարկում է իսլամադավան երկրների շրջանում՝ իր հեղինակության ամրապնդելու համար:
Արաքս Փաշայան, արաբագետ - Վերջին տարիներին Էրդողանի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ տարբերվում է նախորդ շրջանի Թուրքիայի վարած քաղաքականությունից՝ աչքի ընկելով որպես պրոպաղեստինյան: Թուրքիան վերջին շրջանում Իսրայելի դեմ ամենակոշտ բնութագրումներով հանդես եկող պետությունն է:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել է, որ Իսրայելում հայ համայնքը որևէ վնաս չի կրել, իսկ Երուսաղեմի հայկական թաղամասում խուճապ կամ վախի մթնոլորտ չկա, չեն դադարեցվել նույնիսկ դասերը, իսկ պատրիարքության բոլոր գրասենեակները շարունակում են ամենօրյա աշխատանքը: