Մայրաքաղաքի տրանսպորտը վաղ առավոտյան տհաճ անակնկալ մատուցեց երևացիներին։ Վառելիք չլինելու պատճառով քաղաքապետարանի՝ «Երևանի ավտոբուսի» շարժակազմը գիծ դուրս չեկավ։ Վերջնակետում՝ կողք կողքի դատարկ կանգնած ավտոբուսներից քիչ հեռու՝ ծառի հովին նստած վարորդները պատմեցին՝ սովորաբար մեքենաները լիցքավորում են կամ կտրոնով, կամ տեղում, իսկ այսօր վառելիք չի եղել։
Վառելիքի խնդիրն արդեն մեկ-երկու օր է կա՝ ասացին վարորդները։ Նրանց խոսքով՝ միայն Ջրվեժի ավտոպարկում 100-ից ավելի ավտոբուս դատարկ բենզաբակով կանգնած է։ Ըստ վարորդների՝ մատակարարողը CPS ընկերությունն է։
Մեր նկարահանման պահին ավտոպարկում էր քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը։ Ստեղծված իրավիճակից մանրամասներ ներկայացնել Էդգար Գալստյանը չցանկացավ, ասաց՝ բոլորը հարցերին կպատասխանի լրատվական բաժինը։
Քաղաքապետի մամուլի խոսնակն էլ ֆեյսբուքյան կարճ գրառմամբ տեղեկացրեց՝ խնդրի պատճառը դիզվառելիքի մատակարարման ուշացումն է։ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում են հնարավորինս արագ կարգավորել հարցը։
Թե ինչու ավտոբուսները վառելիք չեն ունեցել՝ այս մասին ծավալուն պարզաբանում տարածեց նաև մատակարարող ընկերությունը։ CPS-ը մեղավորության սլաքներն ուղղեց «Երևան ավտոբուսի» կողմ՝ նշելով, որ մշտապես կատարել են պայմանագրային պարտավորությունները, ավելին, կորոնավիրուսի ընթացքում նվազեցրել են մրցույթով սահմանված գինը, փոխարենը քաղաքապետարանին պատկանող ընկերությունը ամիսներով ուշացրել է վճարումը, կուտակել մեծ պարտքեր։
«Սի Փի Էս օիլ» ՍՊԸ - Ներկայիս մատակարարման գինը բացառիկ ցածր է։ CPS-ը դիզելային վառելիքը «Երևանի ավտոբուսին» վաճառում է 1 լիտրը 233 դրամով, իսկ բենզինը՝ 280 դրամով։ Մենք ամիսներ շարունակ դիմել ենք «Երևանի ավտոբուսի» ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ, սակայն արդյունքի չենք հասել։ Մեզ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից անհասկանալի ու անհիմն պատճառաբանություններ են ներկայացվել՝ անհաղթահարելի ուժի ազդեցության թեմաներով: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն «Երևանի ավտոբուսի» ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը։ Մայիսի 12-ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն դրամ է։
CPS-ի այս մեղադրանքներին Երևանի քաղաքապետարանից առայժմ չեն արձագանքում՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություն տրամադրել առաջիկայում։
Ամեն դեպքում, մատակարարումը վերսկսվեց արդեն կեսօրն անց, ավտոբուսները կամաց-կամաց դուրս եկան երթուղի։