Շիրակի մարզում նախատեսված ոչ մի ծրագիր չի չեղարկվել, հակառակը՝ քաղաքաշինական որոշ ծրագրեր ավելացել են։ Մարզի երեք գյուղերում կմեկնարկի դպրոցաշինություն, Արթիկում մանկապարտեզ կկառուցվի: Փողոցաշինության որոշ ծրագրեր մեկնարկել են, մյուսները կմեկնարկեն առաջիկայում։ Ընդհանուր առմամբ՝ սուբվենցիոն ծրագրերը ևս ավելացել են։
Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մտահոգված է, որ քաղաքաշինական այդ ծավալի աշխատանք իրականացնելու համար կարող է և աշխատուժի պակաս լինի մարզում։
Որպես բնակարանաշինության ծրագիր ԲԳՎ-ից զատ առաջին անգամ քննարկվում է մասնավոր ընկերությունների հետ աշխատելու և մասնավորից բնակարան գնելու ու անօթևանին փոխհատուցելու ծրագիր։ Սոցիալական խնդիրները չեն նվազել Շիրակում։ Հովհաննես Հարությունյանը կարծում է՝ տրանսպորտային ուղիները՝ մասնավորապես երկաթուղին, օդանավակայանը չօգտագործելը մարզը զարգացնելու համար սխալ է։ Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար կներդրվի քարտեզագրման մեթոդը, միայն հացահատիկ աճեցնելը եկամտաբեր չէ։
Կրթություն, առողջապահություն, սպորտ՝ առանձին բոլոր ոլորտներին անդարադարձավ Շիրակի մարզպետը, խոսեց խնդիրներից ու լուծման ուղիներից։ Վերջում անդարդարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա կլինի՞ արդյոք ՔՊ ցուցակում, թե՞ ոչ, դեռ որոշված չէ։
Նախընտրական շրջանում մարզպետն արձակուրդ կվերցնի, վարչական ռեսուրսը չպետք է օգտագործվի որևէ մեկի կողմից։ Հատկանշական է, որ մարզպետարանում վարչության պետերն ու պաշտոնյաները տարբեր կուսակցություններից են։
Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզպետ - Նախկին արատավոր երևույթներին արդեն հրաժեշտ ենք տվել։ Ընտրությունների նոր, քաղաքակիրթ որակի ավանդույթը պետք է զարգացնել։
Մարզպետն անդրադարձավ նաև մարզում կոռուպցիայի դեմ պայքարին․ քրեական բազմաթիվ գործեր կան դպրոցների, սպորտ դպրոցների, առողջապահական հիմնարկների ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Ըստ նրա՝ խնդրի լուծման համար կարևորը համակարգային մոտեցումներ որոնելն է, որպեսզի ցանկության դեպքում էլ կոռուպցիան գոյության իրավունք չունենա։