Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ) - Քաղաքացիական հագուստով տեսնում եք, այս մեքենայով Մարալի հետ ուղևորվել են Գորիսից Շուշի: Ճանապարհին գերվել են զինյալների կողմից:
Ադրբեջանում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանին Բաքուն շարունակում է ներկայացնել որպես վարձկան: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, թե քրեական գործի նախաքննությունն ավարտվել, ուղարկվել է դատարան:
Հովհաննես Ալեքսանյան - Ադրբեջանի ահաբեկչական այս պետության պահվածքը խիստ դատապարտելի է, նախ՝ չի նշվում, որ հիշյալ պատանդները, գերիները ազգությամբ հայեր են, Հայաստանի քաղաքացի են, շեշտվում է Լիբանանի քաղաքացիության հանգամանքը: Նրանք երկքաղաքացի են: Այս պարագայում ՀՀ քաղաքացին, Արցախի բնակիչը, պաշտպանելով իր հողը, եթե գերեվարվեր պատերազմական պայմաններում, չէր կարող Լիբանանից եկած ահաբեկիչ լինել:
Ադրբեջանն իր բեմադրած դատավարության մասին չի ծանուցել Եվրադատարանին, մինչդեռ ավելի վաղ տեղեկացրել էր նրան առաջադրված մեղադրանքի մասին: Բաքուն ստիպել էր Վիգեն Էուլչեքջյանին ցուցմունք տալ, թե իբր գումարի դիմաց կռվել է Ադրբեջանի դեմ: Անտեսվել է Էուլչեքջյանի՝ երկքաղաքացիության փաստը, մինչդեռ անձնագրային տվյալներն արդեն ադրբեջանցի իրավապահների սեղանին են:
Իգոր Միրզախանյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի իրավաբան-փորձագետ) - Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է Վիգենի միջոցով հայելային դեպքեր ստեղծել, Հայաստանում դատապարտված սիրիացի վարձկանների առնչությամբ: Դա Ադրբեջանի երկարատև քաղաքականության մաս է կազմում, երբ իր արարքը չեզոքացնելու համար փորձում է հայելային գործեր ձևավորել ու հակակշիռ ստեղծել իր անօրեն քաղաքականության համար:
Եռակողմ հայտարարությունից հետո Վիգեն Էուլչեքջյանն ու Մարալ Նաջարյանը Գորիսից Շուշի էին շարժվում՝ անձնական իրերը հետ վերցնելու, երբ նրանց գերեվարեցին ադրբեջանցի զինյալները:
Հովհաննես Ալեքսանյան - Չորս լիբանանահայի մասին է խոսքը: Երեք հայրենակիցներ, երկու Հակոբն ու Վիգենը, նրանց նկատմամբ քրգործի նախաքննությունն ավարտվել, այսպես կոչված, դատարան է ուղարկվել, բոլորս իմացանք Ադրբեջանի լրատվական կայքերից:
Վիգեն Էուլչեքջյանի դեմ կարված քրեական գործով Ադրբեջանը նրան մեղադրում է իբր պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչության համար: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դատարան է ներկայացրել պահանջ՝ նշելով, որ կարող է խախտվել արդար դատաքննության իրավունքը, որ նրանք կարող են զրկված լինել պաշտպանության միջոցներից: