Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ընդունել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների ընթացքին և ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Մարզպետ Թևոնյանը շեշտել է մարզային իշխանությունների և նախարարության հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ պատվաստումների բարձր շեմն ապահովելու և դրանով իսկ բնականոն կյանք վերադառնալու համար:
Անահիտ Ավանեսյանը ևս կարևորել է համատեղ աշխատանքի ինտենսիվությունն ու ավելացրել՝ քաղաքացիների կյանքն ու առողջությունը հնարավորինս պաշտպանելու համար նախևառաջ պետք է հաղթահարել ապատեղեկատվական գրոհներն ու մարդկանց մասնագիտական, գիտական լուրջ ինֆորմացիա հասցնել:
Այնուհետև մարզպետարանի նիստերի դահլիճում մարզային բուժկենտրոնների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասները, մասնագետները խոսել են պատվաստումների գործընթացի ակտիվության մասին:
Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը շրջել է նաև մարզի մի շարք բուժհաստատություններում:
Այնուհետև Անահիտ Ավանեսյանը այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ հանդիպել է մարզպետի պաշտոնակատար Արարատ Գրիգորյանի և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Նախարարի պաշտոնակատարը ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով եղել է նաև Վահագն Ագլամիշյանի անվան Եղեգնաձորի մարզային ակնաբուժական և «Արենի» առողջության առաջնային պահպանման կենտրոններում:
Եղեգնաձորի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել ռենտգեն բաժանմունքի բացմանը: Այնտեղ առաջին անգամ գործարկվել է ռենտգենային զննման նոր համակարգը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ձեռք բերված կենսական անհրաժեշտության սարքավորումների նոր համակարգը հիմնովին կփոխի մատուցվող բժշկական ծառայությունների որակը։