Սպենդիարյանի «Ալմաստից» խնջույքի երգով երաժիշտները գեղեցիկ ֆլեշմոբ են անցկացնում. մեծ կոմպոզիտորի հենց շիրիմի հարևանությամբ նրա հանճարեղ ստեղծագործությունը վերածվում է երաժշտական խրախճանքի:
Սպենդիարյանական տարին, ըստ էության, մեկնարկում է նրա հիշատակի միջոցառմամբ: Պահպանելով հավատարիմ բարեկամի՝ Թամանյանի ավանդույթը, որն ինքն էր խնամում ընկերոջ շիրիմի ծաղիկները, երաժշտարվեստի այսօրվա մեծերը մասնակցում են վարդատունկին:
Երևանյան Օպերայի այս հատվածն, իրավամբ, սպենդիարյանական տարածք է. Մաեստրո Մանսուրյանը փաստում է՝ իր տաղանդի հզոր ուժով նա գավառական Երևանին պարգևեց երաժշտական ինտելեկտի հմայքը:
Սպենդիարյանական տարվա ծրագիրը հագեցած է հոբելյանական համերգներով, հրատարակչական նախագծերով և ցուցահանդեսներով: Այդուհանդերձ, Հասմիկ Պապյանի գնահատմամբ՝ Սպենդիարյանը բավարար արժևորված չէ և հոբելյանն առիթ է նրան արժանին մատուցելու:
Իր հզոր երաժշտությամբ Սպենդիարյանը դարձավ ազգային սիմֆոնիզմի հիմնադիրը և փոխեց հայ երաժշտարվեստի դիմագիծը: 150-ամյակի միջոցառումները կանցկացվեն ամբողջ տարվա ընթացքում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում և Ղրիմում՝ հոբելյանին հաղորդելով նաև միջազգային հնչեղություն: