«Նոր էջ». այսպես է կոչվում զորացրված տղաներին աշխատանքով ապահովելու հերթական ծրագիրը: Նախաձեռնությունը մասնավոր է: Նպատակը՝ օգնել գործ գտնել պատերազմի ժամանակ վնասվածք ստացած 18-30 տարեկան երիտասարդներին: Ով ինչ կուզի կամ կկարողանա աշխատել՝ խնդրել են հարցաթերթ լրացնել ծրագրին արձագանքած 864 հայրենիքի պաշտպանի: Ճշտել նաև՝ համագործակցել ցանկացող գործատուների կարիքն ու տրամադրվածությունը:
Լիլիթ Ղաբանյան (R-Insights հետազոտական ընկերության տնօրեն) - Գործատուները պատրաստ են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ձեռք բերած 429 տղայի, այսինքն՝ հարցվածների մոտ կեսին:
Գործատուներն ունեն՝ ծրագրավորողից մինչև դիզայների, գյուղատնտեսի ու դեղագործի կարիք: Որպեսզի պահանջված այդ մասնագիտություններով տղաները կարողանան գումար վաստակել, «Նոր էջը» երիտասարդներին նաև սովորեցնում է: Ունեն դաջվածք անողի max երկամսյա դասընթացից մինչև IT մասնագետի 9 ամսվա պարապմունք:
Արփի Կարապետյան (Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ) - Այս պահին ունենք 20 ակտիվ դասընթաց, 66 երիտասարդ անցնում է, 380-ը հերթագրվել են, 80 աշխատատեղ է առաջարկվել, 230 երիատասարդ սպասում է գործատուի հետ հանդիպման:
Վերապաստրաստված առաջին տղան արդեն գործի է անցել: Ֆեյսբուքի կամ Վայբերի «Նոր Էջ» կոչվող հարթակներով ծրագրին նաև հիմա կարելի է միանալ՝ ինչպես Երևանից, այնպես էլ բոլոր մարզերից: Մասնակցությունն անվճար է՝ հատուկ շեշտում են նախագիծն իրականացնողները:
Արթուր Ազիզյան («Ավրորա Բարեալիս» մարքեթինգային և բրենդինգային ընկերության հիմնադիր տնօրեն) - Իրենք կարող են գրանցվել ֆեյսբուքյան էջով, հետո իրենք կհասնեն էն փուլին, որ իրենց կզանգեն ու կներառեն խմբերում:
«Նոր էջի» շահառուներից 405-ը պատերազմի ժամանակ վնասվածք-խեղում ստացած տղաներ են: Որևէ մեկը հաշմանդամության կարգ դեռ չի ստացել: Բժշկասոցիալական փորձաքննությունը նրանք ամենայն հավանականությամբ կանցնեն գործող կարգով: Նոր օրենքը, ըստ որի՝ բժշկասոցիալական խմբերի փոխարեն պետությունը մասնագետների ընդհանուր ռեեստր է կազմելու, նրանց մի մասին վստահի առողջական փաստաթղթերի հետազոտումը, մյուսին՝ մարդկանց վիճակի գնահատումը, կիրառվելու է 2022 թվականի սեպտեմբերից միայն՝ տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Համակարգը մեխանիկորեն ընտրելու է մասնագետներին ու մեկ օր առաջ տեղեկացնի, որ փորձաքննելու են, ու բժիշկները տեղյակ չեն լինելու անձի անձնական տվյալներին:
Նոր օրենքով՝ հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբերին փոխարինելու է անձի ֆունկցիոնալ խանգարման 4 աստիճան՝ թույլ, ուժեղ, ծանր և խոր: Անձնական օգնական, համայնքային ծառայություն կառաջարկեն: Արտոնությունները, որ հիմա են գործում, ըստ Տաթևիկ Ստեփանյանի, կպահպանվեն:
Տաթևիկ Ստեփանյան - Կրթական արտոնություն, բժշկական արտոնություն՝ աջակցող միջոցների տրամադրում՝ էդ բոլորը շարունակվելու են պահպանվել: Ու մարդիկ, որոնք ունեն անժամկետ սահմանած հաշմանադամություն, իրենք փորձաքննվելու են իրենց ցանկությամբ:
Ոչ թե ցանկությամբ, այլ պարտադիր է դառնում՝ կուրություն, քայլելու և այլ տիպի սահմանափակում ունեցող մարդկանց համար շենքի թեքահարթակ, մայթ, ավտոբուս հարմարեցնելը: Այս սեպտեմբերից հաշված երեք տարում խնդիրը չկարգավորեն՝ կտուգանվեն: Մինչև հիմա տուգանք չի եղել: