Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի նպատակն ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։
Երկրում ստեղծված համաճարակային պայմաններով պայմանավորված՝ մրցույթն այս տարի անցկացվել է առցանց հարթակում: Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցել է 2-ական աշակերտ։
Մրցույթին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչ Թեհմինե Կարախանյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ԿԲ ներկայացուցիչ Արմենուհի Մկրտչյանը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։
Մրցույթի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շիրակի մարզի Փանիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոֆյա Մադոյանը, երկրորդ տեղը՝ Արագածոտնի մարզի Բյուրականի միջնակարգ դպրոցի սան Մերի Խաչատրյանը, իսկ երրորդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Համբարձումյանը: ՀՀ կենտրոնական բանկը հաղթողներին տրամադրել է հուշադրամներ, իսկ «Telcell» ընկերությունը նրանց հրավիրել է մասնագիտական կողմնորոշման այցի:
Մրցույթի ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հատուկ հարցեր են հնչեցրել, որոնց ճիշտ պատասխաններ տված մասնակիցներն արժանացել են այդ կառույցների հատուկ մրցանակներին: Նրանց շարքում էին Անահիտ Ասլանյանը, Գալուստ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Սոնա Ասլանյանը։