ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի նամակին: Էնթոնի Բլինքենի ղեկավարած կառույցը չի արձագանքել Կոնգրեսի ավելի քան 100 անդամի բարձրացրած վեց հատուկ քաղաքական առաջնահերթություններին: Պետքարտուղարությունը չի անդրադարձել ավելի քան 200 հայ ռազմագերիների վիճակին, որոնց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել անազատության մեջ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակում անուշադրության են մատնվել հետևյալ վեց առաջնահերթությունները՝
1) Ռազմագերիներ. հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի նամակում շեշտվում է, որ Ադրբեջանը հրաժարվել է ազատ արձակել հայ ռազմագերիներին և բերման է ենթարկել խաղաղ բնակիչների:
Պետքարտուղարության նամակում անդրադարձ չկա Կոնգրեսի մտահոգությանը հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ և չի նշվում նրանց վերաբերյալ խնդրի մասին: Պետքարտուղարության պատասխանում նշվում է, որ Միացյալ Նահանգները ողջունում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ զինված գործողությունների դադարեցումը: Կառույցը նշել է, որ Վաշինգտոնը կարևոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ, կայուն և բանակցված քաղաքական կարգավորումը, ինչպես նաև հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծումը: Ըստ ԱՄՆ արտաքին գերատեսչության՝ Կովկասում Վաշինգտոնի համապարփակ արտաքին քաղաքականությունը ներառում է ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և ժողովրդավարական արժեքների արտացոլումը:
Ըստ կոնգրեսականներին ուղղված պատասխան նամակի՝ Բայդեն-Հարիս վարչակազմը պաշտպանում է այն գաղափարը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանգուցային դերակատարում ունի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ն կողմերին կրկին հորդորել է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ և բանակցել հակամարտության համապարփակ հանգուցալուծման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի բացառում, մասնակից երկրների տարածքային ամբողջականության պաշտպանություն և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքի հարգում:
2) Ադրբեջանական և թուրքական ագրեսիա. հայկական հարցերով հանձնախմբի նամակում նշվում էր, որ ադրբեջանական և թուրքական ուժերն են նախաձեռնել 2020 թ. սեպտեմբերի 27-ի հարձակումը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 5000 մարդ, իսկ ավելի քան 100000 հայ բռնի տեղահանվեց Արցախից:
Պետքարտուղարությունը Բաքուն և Անկարան չի ճանաչել որպես ագրեսորներ: Պատասխան նամակում նշվում է. «Վարչակազմը քննադատում է Թուրքիայի կառավարության պահվածքը, որը մտահոգություն է առաջացնում, և Թուրքիային կոչ անում համապատասխանեցնել գործողությունները սեփական օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից: Վարչակազմը երկկողմ օրակարգ է վերադարձնում մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության հարցերը: Միաժամանակ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հետաքրքրությունը համընկնում է ահաբեկչության դեմ պայքարում, Սիրիայի հակամարտության հանգուցալուծման և տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցում»: Պետքարտուղարությունը նամակում կարևոր է համարել «Թուրքիային խարսխված պահել անդրատլանտյան համագործակցությանը և ՆԱՏՕ-ի հետ դաշինքին, այլ ոչ թե ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք նրան ավելի մոտ կմղեն դեպի Ռուսաստան և Չինաստան»:
3) ԱՄՆ-ի մարդասիրական օգնություն. հայկական հարցերով հանձնախմբի նամակում կոչ էր արել ԱՄՆ-ին «լուրջ պարտավորություններ ստանձնել» Արցախի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում, օգնել նրանց վերականգնելու իրենց համայնքներն ու կյանքը: Հայկական հարցերով հանձնախմբի հաջորդ նամակում կոչ է արվում տրամադրել առնվազն 100 մլն դոլար:
Պետքարտուղարությունը Կոնգրեսի կոչերին ի պատասխան առաջարկել է 5 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն՝ հայ և ադրբեջանցի տուժած բնակչությանն աջակցելու համար:
4) 907-րդ բանաձև. հայկական հարցերով հանձնախումբը նամակում սատարել է «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ հոդվածի կիրառմանը, որով արգելք է սահմանվում Ադրբեջանին զենքի վաճառքի վրա, եթե վերջինը հավատարիմ չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Կոնգրեսականները նամակում կոչ են արել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Պետքարտուղարությունը չի նշել, որ Սպիտակ տունը պաշտոնապես հրաժարվել է կիրառել 907-րդ բանաձևը, նաև չի պատասխանել Կոնգրեսի մտահոգություններին՝ Բաքվին ԱՄՆ օգնությունը դադարեցնելու վերաբերյալ:
5) Թուրքական անօդաչու թռչող սարքեր և արգելված զինամթերք. հայկական հարցերով հանձնախմբի նամակում մատնանշվում է, որ Ադրբեջանն օգտագործել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր՝ ամերիկյան բաղադրիչներով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև Բաքվի կողմից կասետային և սպիտակ ֆոսֆորի զինամթերքի ապօրինի օգտագործումը:
Պետքարտուղարության պատասխան նամակում անդրադարձ չի կատարվել Կոնգրեսի մտահոգությանը Ադրբեջանի կողմից կասետային և սպիտակ ֆոսֆորական զինամթերքի ապօրինի օգտագործման կապակցությամբ և չի արձագանքել ամերիկյան բաղադրիչներով և տեխնոլոգիաներով թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ օրենսդիրների մտահոգությանը:
6) Օտարերկրյա վարձկաններ. հայկական հարցերով հանձնախմբի նամակում նշվում է Թուրքիայի աջակցությունը ստացող օտարերկրյա վարձկաններին՝ Ադրբեջանում տեղավորելուն: Նրանց մեծ մասը կապ ունի միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ:
Պետքարտուղարությունը նամակում չի անդրադարձել նաև Կոնգրեսի այդ մտահոգություններին:
2021 թվականի մայիսի 6-ի պետքարտուղարության նամակը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղարի օրենսդրության հարցերով օգնականի պաշտոնակատար Նազ Դուրակօղլուն: