Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն կին իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ գենդերային բռնության արշավը, ուսումնասիրեն դրա հանգամանքները: Այսօր այս մասին կին ակտիվիստների հետապնդումներին նվիրված ճեպազրույցում հայտնել է Amnesty International-ը։
«Այս գենդերային ոտնձգությունների բնույթն ու մեթոդները, ինչպես նաև այն հանգամանքը, որ զոհ են դառնում մարդու իրավունքների ոտնահարումները բացահայտող և իշխանությանը քննադատող կանայք, համոզիչ կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունն ուղղակիորեն պատասխանատու է կամ ներգրավված է այս գործողությունների մեջ»,- նշել է Amnesty İnternational-ի Հարավային Կովկասի հարցերի հետազոտող Նատալյա Նոզաձեն:
Ըստ Amnesty International-ի՝ անանուն Telegram ալիքները հրապարակում են անձնական տեղեկություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, անօրինական կերպով ձեռք են բերել անվտանգության ուժերը։ Ենթադրություններ կան, որ այդ ալիքներին անուղղակիորեն աջակցում են իշխանությունները:
«Ադրբեջանում կին ակտիվիստները պետք է հնարավորություն ունենան օգտվել իրենց իրավունքներից և իրականացնել իրենց օրինական գործունեությանը՝ առանց հետապնդումներից վախենալու։
Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն կին ակտիվիստների դեմ ուղղված գենդերային բռնության և խտրականության արշավի անհապաղ դադարեցումը և արագ, անկողմնակալ և արդյունավետ հետաքննություն անցկացնեն»,- նշել է կազմակերպությունը։