«Սի Փի Էս օիլ» ընկերությունը պարզաբանել է, թե ինչով են պայմանավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրները, որի հետևանքով ավտոբուսները մայիսի 12-ին պարկից դուրս չեն եկել:
«Այսօր մայրաքաղաքի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք մատակարարող CPS-ը չի կատարում իր պարտավորությունները։
Հայցելով մեր քաղաքացիների ներողամտությունը՝ նշենք, որ մեղավորը մենք չենք։
Եթե կարճ, ապա վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարվում և չեն ընդունում պարտքերը, ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետևել պայմանագրի տառին։
Հիմա ավելի մանրամասն։
«Սի Փի Էս օիլ» ՍՊ ընկերությունը՝ CPS-ը, պաշտոնապես հայտարարում է, որ մշտապես կատարել է «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությանը վառելիքի մատակարարման հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները։ Ավելին, մենք մշտապես աջակցել ենք մեր գործընկերներին՝ ապահովելով ֆինանսապես ավելի լավ պայմաններ, քան նախատեսված էր պայմանագրով։ Դա եղել է CPS-ի բարի կամքի դրսևորումն ու գործընկերային էթիկան։ Մասնավորապես, ելնելով 2020 թ. ստեղծված իրավիճակից (կորոնավարակ)՝ մենք զգալիորեն նվազեցրել ենք մրցույթով սահմանված վառելիքի գները, թեև ըստ պայմանագրի կարող էինք դա չանել։ Մեր որոշման արդյունքում «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն ունեցել է ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամի տնտեսում:
Ներկայիս մատակարարման գինը հանրային տրանսպորտի ծառայություն մատուցող այդ ընկերությանը բացառիկ ցածր է։ CPS-ը դիզելային վառելիքը «Երևանի ավտոբուսին» վաճառում է 1 լիտրը 233 դրամով, իսկ բենզինը՝ 280 դրամով, ինչը զգալիորեն ցածր է շուկայականից, և ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվում չթանկացնել ուղևորափոխադրման գինը մեր քաղաքացիների համար։
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման և վճարման ոչ բարեխիղճ (պարբերաբար ուշացումներով) կատարման հետևանքով «Սի Փի Էս օիլ» ՍՊ ընկերության նկատմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքը երկարատև ժամանակ կազմել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ, ինչը ֆինանսական խնդիրներ է ստեղծում մեր ընկերության համար:
Մենք ամիսներ շարունակ դիմել ենք «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ, սակայն արդյունքի չենք հասել։ Մեզ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից անհասկանալի ու անհիմն պատճառաբանություններ են ներկայացվել անհաղթահարելի ուժի ազդեցության թեմաներով:
Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը (մայիսի 12-ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է)։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի մրցութային մատակարարման պայմանագրով CPS-ի կողմից ոչ միայն սպասարկվում է «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այլ նաև «Երևանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը, Երևանի վարչական շրջանները և այլ հիմնարկ-ձեռնարկությունները, և նրանցից որևէ մեկը չի բողոքում մեր մատակարարումներից, քանզի կողմերը կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները»,- նշված է ընկերության պարզաբանման մեջ: