Այսօր «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հյուընկալել էր Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի առաջնորդ Դավիդ Լաչինային և ծրագրի համակարգող Ջինդռիխ Խլապեկին։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և այլ մասնակիցների հետ քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռման, լիճ թափվող գետերի աղտոտվածության և կեղտաջրերի մաքրման կայաններ տեղադրելու, ինչպես նաև պարկի տարածքի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գերակա խնդիրները: Անդրադարձ է եղել նաև «Սևան» ազգային պարկի 2007-2011 թթ. կառավարման պլանի թարմացմանը:
Հանդիպման վերջում մասնակիցներն այցելել են ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոն, որտեղ ծանոթացել են պարկի բուսական և կենդանական աշխարհի ցուցանմուշներին:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ն իր պատրաստակամությունն ու աջակցությունն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար: