Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատել է ընտրական միջոցառումների ժամանակացույցը։
Քարոզարշավը սկսվելու է հունիսի 7-ին ու տևելու է 11 օր։
Խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցելու համար կուսակցություններն ու դաշինքները իրենց ընտրական ցուցակները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ երեկոյան ժամը 18:00-ն։
Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ հունիսի 20-ի ընտրությունն անցնելու է համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների, հետևաբար փոխվելու է նաև ընտրության կարգը։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ քվեաթերթիկի վրա քաղաքացին այլևս որևէ նշում չի անելու։
Տիգրան Մուկուչյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Քվեաթերթիկը դարձերեսին չի ունենալու տարածքային ցուցակ: Քաղաքացին, գալով ընտրական տեղամաս, ստանալու է քվեաթերթիկներ, որի նմուշը մենք այսօր հաստատեցինք, որը կպարունակի տվյալ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, այլ անհրաժեշտ տեղեկություններ, բայց չի ունենա տարածքային ցուցակ: Այնուհետև, այցելելով քվեարկության խցիկ, քվեաթերթիկներից կընտրի այն քվեաթերթիկը, ում օգտին ինքը ցանկանում է քվեարկել, որևէ նշում, գրառում այդ քվեաթերթիկի վրա չի կատարվելու, և այդ տեսքով քվեաթերթիկը դրվելու է ծրարի մեջ: