Բաքվում է Ռուսաստանի արտգործնախարարը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Բանակցությունների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղն է եղել: Հատուկ ուշադրության է արժանացել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների բազմակողմանի իրագործումը, ղարաբաղյան կարգավորումը՝ հումանիտար տեսանկյունից, նաև հետպատերազմյան վերականգմանն ու խաղաղ կյանքի ապահովմանը վերաբերող հարցերը: Լավրովն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած բարդություններին: Ալիևը Լավրովի հետ հանդիպմանը հերթական անգամ հայտարարել է, թե գերիների հարցը համարում է փակված, և Ադրբեջանը վերադարձրել է բոլոր գերիներին: Սերգեյ Լավրովը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կարևորության մասին խոսելուց հետո անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցին: Ըստ նրա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես շահագրգռված է այդ ակտիվ ներգրավվածություն ունենալու այդ հարցում: Այսօր Ռուսաստանի գլխավոր դիվանագետը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Պաղեստինցի արմատականները գիշերը Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելցի զինվորականները, ի պատասխան, 140 ռազմական թիրախ են խոցել մերձծովյան պաղեստինյան միջտարածքում: Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ կարողացել են ոչնչացնել ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների շուրջ տասնյակ օպերատիվայինների: Բախումներն Արևելյան Երուսաղեմում շարունակվում են արդեն մի քանի օր: Կարմիր մահիկի տվյալներով՝ կիրակի գիշերը պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության բախումների հետևանքով վիրավորվել է 80 մարդ, իսկ վերջին օրերին՝ մոտ 300-ը: Ավելի վաղ, ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ՝ «Ալ-Քասամ» խմբավորումը, երկու ժամ ժամանակ է տվել Իսրայելին՝ Ալ-Աքսա մզկիթի տարածքից զորքերը դուրս բերելու համար:
Կազան քաղաքի դպրոցներից մեկում հրաձգության է տեղի ունեցել: Նախնական տվյալով զոհվել է 11 մարդ, մեծ մասը՝ երեխաներ, կան նաև հոսպիտալացվածներ՝ հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայության ներկայացուցիչը: Ենթադրվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել ուսումնական հաստատությունում, նաև պայթյուն է որոտացել: Դպրոցի տարածքում աշխատում են հատուկջոկատայինները: Նրանց հաջողվել է հանցագործներից 2-ին չեզոքացնել:
Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու, որոնց շարքում է նաև գործող նախագահ Բաշար ալ Ասադը: Սահմանադրական դատարանը հայտնել է, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 16-24-ը, մայիսի 25-ը կլինի լռության օր: Սիրիայում նախագահի վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014 թվականին, Բաշար Ասադն ընտրվել էր 88.7 տոկոս ձայնով: Ասադի հետ ընտրություններին մասնակցում են նախկին պետնախարար և պատգամավոր Աբդալլա Սալյում Աբդալան և Սիրիական դեմոկրատական ճակատը ներկայացնող Մահմուդ Ահմեդ Մուրաին: Սիրիայում նույն անձը նախագահ կարող է ընտրվել երկու անգամ՝ յոթ տարի ժամկետով: