Լրագրող Նանե Արզումանյանն արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցի կեղծ ու իրական օգտատերերից վիրավորանքներ ու սպառնալիքներ է ստանում։ Մայիսի 9-ին Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցած միջադեպը հենց Նանեն էր տեսանկարահանել, տեղադրել Ֆեյսբուքում:
Նանե Արզումանյան (լրագրող) - Այդ տեսանյութը տեղադրելուց հետո համացանցում ամենատարբեր սպառնալիքներ են հնչել իմ անձի շուրջ, ամենատարբեր վիրավորանքներ՝ սկսած բարոյական առումով. որտեղ եմ աշխատել, կապել են բոլոր տնօրենների հետ: Բայց անկեղծ եմ ասում՝ սրանք այդքան էլ ինձ նեղություն չպատճառեցին, որքան այն հանգամանքը, որ սկսեցին արդեն վիրավորել իմ ծնողներին:
Համացանցում գրեցին, նկարներ տարածեցին, թե Քոչարյանին մոտեցած կինը Նանեի մայրն է: Լրագրողն ասում է՝ մայրը չէ, բայց տիկին Գալինային անձամբ ճանաչում է, պատրաստվում է նրա զոհված որդու մասին ռեպորտաժ պատրաստել: Արցախյան պատերազմում սպա եղբորը կորցրած լրագրողը պնդում է՝ Եռաբլուրում կատարվածի լուսաբանումն իր մասնագիտական պարտականությունն էր:
Նանե Արզումանյան - Չեն կարող քննադատել, որ ես սխալ եմ արել այն, ինչ տեղին եմ գտել, որովհետև եթե լիներ նորից իրավիճակ, ես էլի նույնն էի անելու:
Նանե Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, նշել, որ թիրախավորել են ոչ միայն իրեն ու ընտանիքին, այլև շահարկել պատերազմում զոհված եղբոր անունը։ Լրագրողն արդեն դիմել է Ոստիկանություն և Պաշտպանին խնդրել՝ հետևել իրավապահ մարմինների աշխատանքին։
ՀՀ ՄԻՊ - Հաշվի առնելով, որ, ինչպես դիմումում նշել է լրագրողը, հարցն առնչվում է մասնագիտական գործունեության կապակցությամբ իրեն թիրախավորելուն`Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն՝ ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը:
Նանեն պահանջում է, որ իրենց վիրավորողներն ու սպառնացողները հրապարակավ ներողություն խնդրեն:
Նանե Արզումանյան - Հիմնականում սպառնալիքներն այս ենթատեքստով են, որ տնից աշխատանքի գնալուց ուշադիր եղիր, զգոն եղիր, հետո մոտավորապես այսպիսին է, որ մենք գալու ենք հունիսի 21-ին, և դուք կտեսնեք, թե հունիսի 21-ից հետո դուք և բոլոր այն մարդիկ, որոնք մեզ վիրավորել են, հայտնվելու եք բանտախցերում, և ամենավերջին հայհոյանքները, որոնք ի վիճակի չեմ բարձրաձայնել:
Նանե Արզումանյանը Ֆեյսբուքից չի ջնջել տեսանյութը. այն պարզապես բաց է միայն ընկերների համար: