Երեկվա ուժգին քամին ավերել է Արմավիրի մարզի ջերմատնային տնտեսությունների զգալի մասը: Անգին Հովհաննիսյանը 2 ամսից պղպեղը շուկա էր հանելու, բայց քամին ավելի շուտ հասավ դեռ չհասունացած բերքին: Վարդանաշենցի ընտանիքի երեք ջերմոց, մոտ 300 քառ. մետր ընդհանուր մակերեսով, հավասարվեց հողին:
Դավիթ Մինասյան, Վարդանաշեն համայնքի բնակիչ - Քամին ցելոֆանը պատռել է, կարկասը՝ ծռել, բույսը արևին չի դիմանա:
Առանց ծածկի մնացած ջերմատներում բույսը հայտնվել է բնության ուղիղ ազդեցության տակ: Հաստատուն ջերմաստիճանին սովոր սածիլներն արևից, անձրևից ու քամուց դարձել են անպիտան:
Արտակ Գևորգյան, Երասխահուն համայնքի բնակիչ - Ջերմոցային վարունգ է, մնացել է բաց, փչանալու է:
Եթե միայն ցելոֆանները պոկված լինեին, էլի հնարավոր կլիներ արագ նորոգել, բերքը փրկել, բայց քամին տապալել է նաև ջերմատների մետաղական ամրանները, որոնք վերականգնման ենթակա չեն: Պետք է քանդել, նորը կառուցել: Երասխահուն գյուղի այս ընտանիքն ավելի քան 2 մլն դրամի ներդրում է արել, ջերմոց կառուցել: Քամին ջերմոցն էլ տարավ, սպասվող եկամուտն էլ:
Սայաթ Թումանյան, Երասխահուն համայնքի բնակիչ - Արված ծախսը զրոյացավ, եկամուտի ակնկալիքն էլ, ինչ եկամուտ, եթե հասավ հունիս:
Արմեն Ավետիսյան, Երասխահուն համայնքի ղեկավար - Գյուղից վնասվել է մոտ 16 հա ջերմոց: 26 տարվա աշխատանքային փորձ ունեմ, նման բան չեմ տեսել:
Գյուղացիներն առաջարկում են ապահովագրել նաև ջերմոցները:
Դավիթ Մինասյան - Ամեն դեպքում՝ տարերային աղետ է, ավելի լավ կլիներ նորմալ պայմաններով ապահովագրվեր, գյուղացին էլ իմանար՝ ցրտից, արևից, կարտուտից ապահովագրված է:
Վնասի չափերը հաշվելու համար քամուց տուժած գյուղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ: Չկա մի ընտանք, որին պատուհասը շրջանացած լինի:
Արթուր Այվազյան, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ - Պետք է համայնքային հանձնաժողովներն արձանագրեն ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցրած վնասները, ներկայացնեն մարզպետարան, կքննարկենք, կներկայացնենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Քամին պոկել է նաև տանիքներ, վնասել շենք-շինություններ, տապալել պտղատու ծառեր, էլեկտրասյնուներ: Որպեսզի թաղամասն անլույս չմնա, երասխահուցիներն իրենց ուժերով վերականգնել են տապալված էլեկտրասյունը:
Սամվել Կիրակոսյան, Երասխահուն համայքի բնակիչ - Գիշերով, հարևաններով ամրացրեցինք, շատ վտանգավոր է, լարերն իմ տանիքի վրայով են անցնում: Վերականգնեցինք, որ թաղամասի լույսը չմարի:
Մայիսի 10-ին քամու ուժգնությունն Արմավիրում հասել է 25 մ/վրկ-ի: