Առանձնատուն, այգի-հողամաս, բնակարան շենքում, ավտոմեքենա, նաև՝ փոքր արտադրամասից մինչև մեծ գործարան. բնակչությունն ու բիզնեսը Հայաստանում ինչ ունի՝ ընդհանուր թվով մոտ 2.2 միլիոն հատ անշարժ և 850 հազար շարժական գույք ծրագրավորողները տեղավորել են տվյալների մեկ շտեմարանում, այդ ամենի գույքահարկն առցանց վճարելու՝ pay.e-community.am հարթակ ստեղծել:
Լեոնիդ Ավետիսյան (էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ղեկավար) - Սա առաջին համակարգն է, որ ամբողջությամբ ավտոմատացված է, ինչը բացառում է սխալի ռիկը, կոռուպցիոն ռիսկը:
Ծրագիրը մշակած գրասենյակում պնդում են՝ իրենց ներդրած հարթակը մարդկանց կազատի գույքահարկի չափը համայնքապետարանից ճշտելու, վճարելու համար՝ բանկում կամ տերմինալի առաջ հերթ կանգելու, ավտոյի դեպքում՝ զրոյական տեղեկանքի համար էլ` վերցրած կտրոնը նորից հետ համայքնապետարան տանելու ստանդարտ քաշքշուկից: Ինչպե՞ս է համակարգն աշխատում՝ գույքահարկի ի՞նչ պարտք Է կուտակվել, ԷԿԵՆԳ-ի ղեկավարն իր տան օրինակով է ցույց տալիս: Մի քանի պարզ քայլ է, պետք է նախ՝ լրացնել բնակարանի կադաստրային ծածկագիրը:
Համակարգը վերջում անդորրագիր է տալիս՝ այն ուղարկելով գործարք կատարողի նշած էլեկտրոնային փոստին: Քանի որ ծրագիրն ընդամենը 3 օր առաջ է գործարկվել, գումար ընդունում է դեռ միայն բանկային քարտից: Առաջիկայում կակտիվացնեն նաև վճարման հնարավոր բոլոր տարբերակները:
Անշարժ գույքի համար կադաստրի, փոխադրամիջոցի դեպքում Ճանապարհային ոստիկանության բազաները գանձապետարանի հետ ԷԿԵՆԳ-ը կապակցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության պատվերով: Լինի տան, սեփականաշնորհած հողամասի, թե ավոտմեքենայի գույքահարկը վճարելու համար, երկրի բոլոր գյուղ-քաղաքներում հիմա նոր հարթակն են օգտագործում:
Գարեգին Մանուկյան (ՀՀ ՏԿԵ նախարարության Համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ) - Միջինացված տվյալով օրական 2500 վճարում ունենք, և նախորդ տարվա դրությամբ մոտ 2.5 մլրդ դրամով շատ հարկ է հավաքագրվել:
Համակարգչով կամ սմարթֆոնով գույքահարկ վճարելը մի կողմից՝ մարդկանց գործն է հեշտացնում, մյուսից՝ վիճակագիրներինը: Նախկին՝ ամսով սպասելու փոխարեն ծրագիրը հիմա մեկ օրում թարմացնում է, եթե, ասենք, ավտոմեքենայի առուվաճառք է եղել:
Մարզպետարանից ու նախարարությունից կարողանում են on-line հետևել՝ գյուղում գրանցված ավտոմեքենաներից ինչքա՞ն գումար են գանձել տվյալ դեպքում Գեղարքունիքի Լանջաղբյուրում:
Հարթակը մի քիչ աշխատի, ծրագրին կմիացնեն նաև նոտարներին: Դրանից հետո արդեն տուն, թե մեքենա գնել-գրանցելիս պատմական 0-ական տեղեկանք վերջապես էլ չի պահանջվի: