Համավարակային կյանքի «կանաչ» անձնագիրը Armed eHealth հավելվածում է: COVID-19-ի դեմ պատվաստման կանաչ QR կոդով վկայականը կտեղեկացնի պատվաստված լինելու մասին, եթե արդեն պատվաստվել եք, հավելվածում մուտքագրվել եք, լրացրել Ձեր տվյալները:
Ավետ Մանուկյան («Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն) - Հեսա տեսեք՝ արդեն օֆիցիալ վեբ սայթը:
Այստեղ կարելի է տեսնել նաև պատվաստանյութի տեսակն ու պատվաստման օրը: «Կանաչ» անձնագիրը կարելի է նաև սքանավորել ու ավտոմատացված համակարգով մուտքագրել armed.am կայք: Կարելի է նաև տպել պատվաստման հավաստագիրը:
Ավետ Մանուկյան - Երբ որ ստանում է կանաչ QR կոդ, յուրաքանչյուր պաշտոնական անձ կարող է տեսնել, որ, օրինակ, կարող է ճանապարհորդել:
Իսկ չպատվաստված, բայց արդեն հավելվածը ներբեռնած, հեռախոսահամարով ու գաղտնաբառով գրանցվածները COVID-19 բաժնում կտեղեկանան՝ իրենք պատվաստված չեն: Համակարգի տվյալների բազայում է նաև ամբողջական տեղեկությունը քաղաքացիների առողջական վիճակի մասին, որ պատասխանատուները հասկանան՝ պատվաստումներից դրական դինամիկա կա՞:
Թվերն են փաստում՝ մեր երկրում Քովիդ-19 համավարակի նվազման դրական դինամիկա կա՛: Հավելվածում այլ ինֆորմացիա էլ կա, կարելի է տեսնել ընտանեկան բժշկին, այց գրանցել, տեսնել նախորդ այցերը, եթե հավելվածով եք գրանցվել... Եվ ոչ միայն.
«Այոս» և «Անդրոիդ» համակարգերի համար հավելվածը կարելի է գտնել ու ներբեռնել «Էփփ սթորում» և «Գուգլ փլեյում»: