Հունիսի 20-ին արտահերթ ընտրություն նշանակելու նախագահի հրամանագրից հետո այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց, հաստատեց ընտրական միջոցառումների ժամանակացույցը։
Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի 11 օր՝ հունիսի 18-ն էլ ներառյալ։ 19-ը լռության օր է։ Այս ընտրության ամենամեծ փոփոխությունը քվերաթերթիկի ձևի մեջ է եղել։ Երբ ապրիլի մեկին խորհրդարանն ընդունեց ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու ու մաքուր համամասնական ընտրակագին անցնելու նախագիծը, տարածքային ցուցակներ ասվածն այլևս վերացավ։ Հանձնաժողովի նախագահը բացատրում է՝քաղաքացին քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չի կատարելու։
ԸՆՏՐՎԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ԱՆՁԸ, ԱՅԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԴԱՇԻՆՔԸ
Սա նշանակում է, որ քաղաքացին ընտրելու է ոչ թե անձերին, այլ կուսակցությանը կամ դաշինքին։ Թե քանի քաղաքական ուժ կմտնի պայքարի մեջ, պարզ կդառնա առաջիկայում։ ԿԸՀ-ն ընտրական ցուցակները ընդունելու վերջնաժամկետ է սահմանել մայիսի 26-ը՝ երեկոյան ժամը 6-ը։ Առայժմ հստակ չեն նաև ընտրողների ցուցակները, հանձնաժողովում սպասում են Ոստիկանության տեղեկությանը։ Կառավարությունն էլ կորոշի, թե որ կազմակերպությունն է զբաղվելու տեղամասերում տեսախցիկների տեղադրմամբ։ Արդյոք հանրապետության բոլոր՝ 2009 տեղամասերից հունիսի 20-ին ուղիղ եթեր կապահովվի՝ ԿԸՀ նախագահը դեռ դժվարանում է կանխատեսել։
Մուկուչյանն անդրադարձավ նաև հունիսի 7-ից շուտ՝ ոչ պաշտոնական քարոզարշավ անցկացնելու, նախընտրական պաստառներ տեղադրելու՝ քաղաքական ուժերի վարքագծին, նշեց՝ ընտրական օրենսգիրքը տարածվում է միայն պաշտոնական քարոզարշավի ընթացքի վրա։ Ասաց՝ հիմա խախտում արձանագրել չեն կարող, լիազորություն չունեն։
Արտահերթ ընտրության գնալու պրոցեսը սկսվել էր դեռ ապրիլի 25-ից, երբ հրաժարական տվեց Նիկոլ Փաշինյանը։ Ապա Մայր օրենքի ու քաղաքական պայամանվորվածությունների համաձայն երեկ ու նախորդ շաբաթ խորհրդարանը հատուկ նիստում վարչապետ չընտրեց՝ այդպիսով արձակվեց իրավունքի ուժով։ Հունիսի 20-ին արդեն քաղաքացիներն իրենց քվերակությամբ կձևավորեն 8-րդ գումարման ԱԺ-ն։