ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի հանդիումը ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ ավելի քան երկու ժամ տևեց: Վահրամ Դումանյանն իր նախաձեռնությամբ Մայր բուհ էր եկել խոսելու ցանկալի և անցանկալի հարցերի, ԵՊՀ-ում տիրող մթնոլորտի մասին: Նա լսեց, հակադարձեց ու պատասխանեց համալսարանականների հարցերին:
Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար - Ես չեմ թաքցրել, հիմա էլ չեմ թաքցնում, իմ խորին համոզմամբ՝ իմ պատկերացրած հոգաբարձուների խորհրդում չպիտի լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Ես այդպես եմ պատկերացնում: Չպիտի լինեն ուսանողներ, չպիտի լինեն դասախոսներ: Այլ պետք է լինեն հոգաբարձուներ:
Գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ հոգաբարձուների գործող խորհուրդը կազմաքանդվեց, քանի որ ԵՊՀ-ում մթնոլորտը լավագույնը չէր: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի արդեն նախկին դեկան, այսօր նախարարի պաշտոնակատար Դումանյանին հակադարձեց ռեկտորի նախկին թեկնածու Վահե Հովհաննիսյանը:
Վահե Հովհաննիսյան, ԵՊՀ դասախոս - Ասում եք՝ առաջացել է ճգնաժամ: Չառաջացնեիք, պարոն Դումանյան ճգնաժամը: Ուզում էի ձևավորել նոր խորհուրդ: Նախ առաջինը հրաժարական թող չտային բոլորը միասին հետաքրքիր պայմաններում, իսկ եթե ուզում էիք ձևավորել հոգաբարձուների խորհուրդ, միանշանակ հնարավորություն ունեիք ըստ գործող կարգի ձևավորելու:
Մենուա Սողոմոնյանն էլ նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր մարմնի 11 անդամ հեռացել է՝ դիմումի մեջ նշելով նույն պատճառը, իսկ խորհրդի անդամները ծանուցվել են մեկ փաթեթով՝ նախարարի խորհրդականից:
Վահրամ Դումանյան - Համարեք, որ, այո՛, գաղափարն ասենք թե իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել: Շատ զարմանալի է, որ նույն օրը, նույն ժամին 11 հոգի գրում են, լավ, բարդ է հասկանալ, որ քննարկում է եղել:
Վահրամ Դումանյանը, պատասխանելով բուհական ինքնավարության մասին հարցադրմանը, հիշեցրեց 2006 թվականի ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, որն իր բնորոշմամբ՝ օդում կախված լուրերի համաձայն՝ կեղծված էր: Համալսարանականներին հարցրեց՝ ինչո՞ւ այդ ժամանակ անօրինական ընտրության դեմ չպայքարեցին.
Վահրամ Դումանյան - Իմ պատկերացրած բուհի ինքնավարությունը չի սկսվում ու ավարտվում, թե ռեկտոր մեկ անձն ինչ մեխանիզմով կնշանակվի: 2006 թվի ընտրությունն ապացուցեց, որ ես էլ եղել եմ հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Այո՛, հաշվել ենք, իդեալական: Եթե մենք սա համարում ենք ինքնավար համալսարան և ժողովրդավար ընտրություն, կներեք, ես վերապահումներ ունեմ:
Իրեն դեռ համալսարանական համարող Կառավարության անդամն ուզում է, որ պետհամալսարանն օր առաջ ռեկտոր ունենա: Հարցը պետք է լուծվեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքով», որը նախագահը ՍԴ ուղարկեց: Կառավարությունը նոր որոշում ընդունեց՝ հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսը հիմնադիր ու լիզոր մարմնից պետք է լինեն, մնացյալը՝ բուհից: Ասում է՝ շուտով նոր կարգով Մայր բուհի ղեկավարի հարցը կփորձեն լուծել:
Վահրամ Դումանյան - Այն, ինչ այսօր եմ նախաձեռնել, սա պետք է արվեր շատ վաղուց՝ 2 տարի առաջ, ավելի շուտ: Այո՛, ուշացվել է համալսարանի ռեկտորը, այո՛, համալսարանն, իհարկե, տուժել է և շարունակում է տուժել:
Վահրամ Դումանյանը համալսարանական իր գործընկերներին հորդորեց՝ իր գործողություններում քաղաքական աստառ չփնտրել, քանի որ բուհի հոգաբարձուների խորհուրդը կազմալուծվել է ոչ թե իշխանության ցանկությամբ, այլ իրավիճակի պարտադրմամբ: