Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է աշխատել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ միաժամանակ հավելելով, որ այժմ պետք է հասկանալ, թե արդյո՞ք ինքը՝ Մխիթարյանը, կցանկանա աշխատել պորտուգալացի մասնագետի հետ:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Պաոլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո չի շարունակելու աշխատանքն իտալական ակումբում, «Ռոման» հայտարարեց, որ պայմանագիր է կնքել «Տոտենհեմից» հեռացած Ժոզե Մոուրինյոյի հետ։ Վերջինս, նաև բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում և արձագանքում է «Ռոմայի» բոլոր խաղերին ու հաջողություններին։
Մխիթարյանն ու Մոուրինյոն իրար հետ աշխատելու փորձ ունեն դեռևս «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իր ելույթների ժամանակ, սակայն Մխիթարյանն իր հեռանալուց հետո մեդիայում արած բազմաթիվ հայտարարություններում խոսել է պորտուգալացի մասնագետի հետ ունեցած դժվար հարաբերությունների մասին։