Զբոսաշրջության ոլորտում նկատվում է աշխուժություն, և դա պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասշտաբներով: Հենց այդ ակտիվությունն էլ թույլ է տալիս խոսել Հայաստանի համար փակ սահմանների բացման մասին: Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանի խոսքով՝ չնայած մեր երկիրը աշխարհի համար բացել է սահմանները, այդուհանդերձ, մեզ համար դեռ փակ սահմանները խոչընդոտում են զբոսաշրջության ոլորտի աշխատանքը և մարտահրավերներ են պարունակում: Ոլորտի մասնագետներին ոգևորել է հատկապես Մայիսյան տոներին ընդառաջ ռուս զբոսաշրջիկների թվի նկատելի աճը: Ոլորտի ամբողջական վերականգնման մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է:
Գայանե Այվազյան (Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ) - Համաշխարահային վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն 2023-ից հետո հնարավոր կլինի խոսել զբոսաշրջության ոլորտի լիարժեք վերականգնման մասին, որպեսզի կարողանանք թվերը մոտեցնել 2019 թ. զբոսաշրջային աշխուժությանը:
Զբոսաշրջության ակտիվության կարևոր բաղադրիչներից է նաև փառատոների անցկացումը: Ինչ փառատոներ են այս տարի նախատեսված: «ՖեստիվԱր հայկական փառատոների ասոցիացիայի» տնօրեն Նունե Մանուկյանը մանրամասնեց՝ այս ամսվանից սկսած մինչև նոյեմբեր կլինեն տարբեր միջոցառումներ:
Մանուկյանի խոսքով՝ փառատոները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում: Թեև հյուրեր կլինեն նաև դրսից, բայց նպատակը ներիքն տուրիզմի զարգացումն է:
Ինչ վերաբերում է պատերազմից հետո երկրի գրավչության նվազմանը, ապա մասնագետի կարծիքով՝ չկա երկիր, որտեղ խնդիր չլինի:
Իսկ արդեն կորոնավիրուսով պայմանավորված՝ ինչպես բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը պետք է փորձի ամեն ինչ անել՝ զբոսաշրջիկին նորովի և առավել գրավիչ ներկայանալու համար: