Տեխնիկական լեզվով՝ տուփերի մեջ թթվածնային կայաններ են: Մարդկային լեզվով՝ կյանքի երաշխիքներ: Հիվանդանոցներում հարյուրավոր մարդիկ սպասում էին ապրելու իրենց հնարավորությանը, որ այդ սարքերն էին տալու:
Եվրամիության աջակցությամբ ձեռք է բերվել և Հայաստանի՝ Քովիդով հիվանդներին սպասարկող բուժկենտրոններ բաշխվել 200 թթվածնային կոնցենտրատոր:
Լենա Նանուշյան, Առողջապահության նախարարի տեղակալ - Այս թթվածնային կայաններն օգնելու են բուժել բոլոր հիվանդներին, ովքեր դրա կարիքն ունեն, բայց քանի որ առկա չէին, չէինք կարողանում տրամադրել:
Այս սարքավորումների՝ ամեն րոպե ուշացումը կարող էր նոր կյանքեր արժենալ: Ոչ միայն թթվածնային կայաններ, այլ նաև հիվանդի վիճակին հետևելու համար 11 մոնիտոր, 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոց, 20 հազար ՊՇՌ թեստ է հատկացվել Հայաստանի առողջապահական համակարգին՝ Եվրամիության «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակում: Ծրագիրն իրականացվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ:
Եգոր Զայցև, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար - Այդ նախագիծը նախատեսված է 6 երկրի համար՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Նախագիծն ուղղված է նրան, որ օգնենք այդ երկրներին՝ Քովիդի դեմ միջոցներ ձեռնարկել: Շատ բան է արվել Հայաստանում, և մենք աշխատում էինք մի քանի ուղղությամբ՝ սկսած երկրի ներսում համակարգումից, ազգային լաբորատորիաներին աջակցելուց մինչև սարքավորումների գնումներ և տեխնիկական աջակցություն:
Եվրամիության այս նախաձեռնությունն օգնում է ամրապնդել առողջապահական համակարգերը գործընկեր երկրներում, դրանք դարձնել ավելի կայուն և պատրաստ արտակարգ իրավիճակներին: Արևելյան գործընկերության երկրներում «Համերաշխություն հանուն առողջության» նախագիծը «Քովիդ-19»-ի բռնկմանն ուղղված ընդհանուր եվրոպական պատասխանի մի մասն է, որի նպատակն է արտակարգ իրավիճակներում հոգալ կարճաժամկետ կարիքները, վերացնել երկարաժամկետ ազդեցությունները:
Անդրեա Վիկտորին, ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան - Առաջին հերթին՝ պետք է ասեմ, որ երբ կորոնավիրուսի համավարակն անցած տարի Հայաստանում տարածվեց, ԵՄ-ն շատ արագ արձագանքեց: Յուրաքանչյուր ճգնաժամում կան տարբեր փուլեր: Առաջինն արտակարգ իրավիճակի փուլն է: Առաջինը, որ մենք արեցինք, մարդասիրական օգնության տրամադրումն էր՝ մեր էկոհամակարգի միջոցով: Սարքավորումներ տրամադրեցինք: Ապա Հայաստան ուղարկեցինք արտակարգ իրավիճակներում աշխատող բժշկական խմբեր, հատկապես՝ անցած տարվա ամռանը, երբ կար դրա անհրաժեշտությունը:
ԵՄ առաքելությունն այս փուլում աջակցում է խոցելի խմբերին: Արդեն իրականացրել է չորս ծրագիր: Երեխաներին, օրինակ, պլանշետներ են տրամադրվել, որպեսզի համավարակի առաջացրած խոչընդոտների պատճառով ուսումնական գործընթացը չտուժեր: Կարիքավորներին տրամարդվել են հիգիենայի պարագաներ, սննդի փաթեթներ: Արտակարգ իրավիճակի աջակցությունից բացի Եվրամիությունը Հայաստանի կառավարության հետ որոշել է նաև միջնաժամկետ ծրագրեր մշակել:
Անդրեա Վիկտորին - Եվրամիությունը Հայաստանին առաջարկեց 92 միլիոն եվրոյի փաթեթ՝ համավարակի դեմ պայքարելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար: Այդ աջակցության ամենակարևոր տարրերից մեկն այն էր, որ մենք աշխատեցինք միջնաժամկետ վերականգնողական ծրագրի ուղղությամբ՝ փոխվարչապետ Գրիգորյանի հետ: Հպարտ եմ, որ կառավարության հետ համատեղ կարողացանք իրագործել այդ ծրագիրը, և գնահատումից ու նախնական աշխատանքից հետո կարողացանք անցած տարվա վերջում տրամադրել առաջին 24 միլիոնի տրանշը՝ բյուջետային աջակցության համար:
Միջնաժամկետ արձագանքման նախաձեռնությամբ ԵՄ-ն կշարունակի աջակցել գործընկեր երկրներին՝ առողջապահական համակարգերի ամրապնդման գործում, սարքավորումների և մասնագիտական հարցերում:
Անդրեա Վիկտորին - Այժմ մենք վերջնականացնում ենք միջնաժամկետ վերականգնողական ծրագիրը: Դա նշանակում է, որ առաջիկայում կլինի բյուջետային աջակցության երկրորդ տրանշը: Այն ընկալմամբ,
որ եթե դուք ցանկանում եք համավարակի պատճառով առաջացած մարտահրավերները հաղթահարել, որոնք խորացել են պատերազմի պատճառով, պետք է մտածել ավելի մեծ հեռանկարում: Պետք է
մտածենք սոցիալական ապահովության ոլորտի, կայուն ու ճկուն լուծումների, կանաչ տնտեսության մասին: Շարունակում ենք աջակցությունը, որը թիրախավորում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:
Անցած տարի Եվրամիությունն աջակցել է Հայաստանի փոքր ու միջին բիզնեսին, նորարարության ու զբոսաշրջության ոլորտներին:
Անդրեա Վիկտորին - Մենք կշարունակենք այդ աջակցությունը և դա ընդգրկված է տարածաշրջանային համատեքստում, որտեղ մենք սերտորեն համագործակցում ենք: Սակայն դա նաև երկկողմ հարաբերությունների մաս է:
Եվրամիության աջակցության ծրագրերում, որոնք իրականցվում են ԱՀԿ-ի հետ համատեղ, ընդգրկված է նաև պատվաստանյութերի ձեռքբերումն ու պատվաստման գործընթացը:
Եգոր Զայցև - Հասկանում ենք, որ այդ թեման շատ զգայուն է Հայաստանում: Աշխատում ենք բոլոր ուղղություններով, որ մարդիկ գիտակցեն իրական ռիսկերը՝ Քովիդով վարակվելու դեպքում: Եվ հասկանան, որ պատվաստման հնարավոր հետևանքների հետ դա համեմատել նույնիսկ պետք չէ: Վարակվելու դեպքում անգամ մահվան ելքեր են սպասելի, իսկ այն կողմնակի ազդեցությունները, որ կարող են պատվաստումից առաջանալ, համեմատության եզրեր չունեն դրա հետ:
Եվրամիությունը Հայաստանում այս տարի կսկսի երկարաժամկետ՝ 7 տարվա ծրագիր: Որպես հիմնական բաղադրիչ, ԵՄ-ն ցանկանում է Հայաստանում բարեփոխումներ տեսնել, և դժվարին փուլի հաղթահարման կարճաժամկետ ծրագրերը կշարունակվեն երկարաժամկետ նախագծերում, որպեսզի ինչպես Եվրամիության դեսպանն է ասում՝ տնտեսությունը հնարավոր լինի ամրացնել և անկախ դարձնել: