ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում՝ այդ թվում Արտաշատ քաղաքային համայնքում։
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008 թ. որոշմամբ քաղաքացի Լ. Խ-ին օտարվել է 0.0072 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասն առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Վ. Ա.-ին։
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008 թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ. Թ.-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասը առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Ա. Ա.-ին։
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2016թ. որոշմամբ Գ. Պ.-ին օտարվել է 0.197 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2012թ. որոշմամբ քաղաքացի Գ. Պ.-ին օտարվել է 0.03 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի 2014 թ. որոշմամբ նույն քաղաքացուն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի կարգով օտարվել և միավորվել է 0.01922 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ինչից հետո 2014 թ. տրվել է շինթույլտվություն, և կառուցապատում է արվել։ Անշարժ գույքը ստացել է պետական գրանցում՝ 0.04922 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրով 2019 թ. ստացել պետական գրանցում Գ. Պ. -ի և Ա. Ա. -ի անվանբ՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն։
Արտաշատ համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին մեկ այլ՝ 2014 թ. որոշմամբ քաղաքացի Վ. Ա.-ին օտարվել է 0.0072 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի՝ ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին 2019թ. որոշմամբ՝ քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ավտոլվացման կետն օրինականացվել է և ստացել պետական գրանցում։
Համայնքի ղեկավարի մեկ այլ՝ լրացուցիչ հողատարածք հատկացնելու մասին 2008թ. որոշմամբ՝ քաղաքացի Գ. Ս-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.01578հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 19.01.2006 թ. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N33-Ն որոշման համարվում են հասարակական օգտագործման կանաչ տարածքներ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։
Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։