Անի Համբարձումյան - Սա եղբորս վերջին քանդակներից է, որը պատերազմից մի քանի օր առաջ արեց:
Անին խաչքարագործության դասերի հաճախեց պատերազմում անմահացած եղբոր՝ Գոռի գործը շարունակելու համար:
Խաչքարը, որ Գոռը կերտել էր Սբ Հովհաննես մատուռում տեղադրելու նպատակով, կմնա հարազատ Արշալույսում ու կհավերժացնի Գոռի և նրա զոհված ընկերների հիշատակը: Մի քանի շտրիխ, ու Անին վերջնական տեսքի կբերի եղբոր անավարտ գործը:
Անի - Որոշել եմ վերջացնեմ և առհասարակ շարունակեմ իր գործը:
Խաչքարագործությունը լուրջ զբաղմունք է դարձել ոչ միայն Անիի, այլև Արշալույսում ապրող այլ երիտասարդ աղջիկների համար:
Քարին շունչ ու հոգի տալու այբուբենը սովորել են վարպետ Ռուբենից՝ հաճախելով նրա հիմնած խաչքարագործության դպրոցը: Քարի հետ աշխատելը Ռուզաննայի համար պարզապես հոբբի չէ. աղջիկն իր ապագան այս արհեստի հետ է կապում:
Ռուզաննա Ալոյան - Ինձ համար հաճելի է զբաղվել քանդակագործությամբ, շատ հետաքրիքիր է, խորանալու տեղ միշտ կա: Խաչքարագործության մեջ կխորանամ:
Գեղեցիկ, կոկիկ, անգամ խնամված եղունգներով օրը 6-7 ժամ կռիվ են տալիս քարի հետ: Կանացի նուրբ մատների տակ կոշտ նյութը ձև ու բովանդակություն է ստանում ու դառնում պատմություն:
Տաթևիկ Նալբանդյան - Մասնագիտության մեջ չեն խանգարում ո՛չ եղունգները, ո՛չ շպարը:
Քարին էլ է հասկանալ պետք. կոշտ է, բայց նուրբ վերաբերմունք է ուզում, ասում է Տաթևիկը: Մի անզգույշ հարված կամ թեթևակի շեղում էսքիզից, արդյունքը կխեղվի:
Տաթևիկ - Եթե սխալ հարվածենք՝ նախշը փոխվում է, այդպես փոխվում է ամեն ինչ խաչքարի մեջ. Նախնական էսքիզից դառնում է լրիվ այլ գործ:
Ռուբեն Նալբանդյան (խաչքարագործ վարպետ) - Աղջիկն ավելի նուրբ պետք է անի, քան տղամարդը, մենք կարող ենք մի հարվածով՝ կոպիտ անել, իսկ իրենք՝ այնքան նուրբ, որ գեղեցկությունը զգացվի:
Ոչ թե քանդակ, այլ խաչքար՝ ասում են քարի հետ աշխատելու ա՛յս ուղղությունն ընտրած աղջիկները: Խաչքարը, ասում են, մարդու նման է՝ երբեմն կոշտ, բայց զգայուն. անգամ մարմին, հոգի և բնավորություն ունի:
Ռուբեն - Իր սիլուետով մարդն է՝ խոնարհված, ունի գագաթ, հոգի, որը խաչի առկայությունն է և ոտքերը, այսինքն՝ ուժ է ստանում հողից, սնվում արևից և բարձրանում:
Ցուցահանդեսի գաղափար էլ կա, միայն թե այցելուներից կպահանջվի կռահել՝ ներկայացված խաչքարերից որոնք են ծնունդ առել կանացի ձեռքերի տակ: