Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 11-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեսրոպ Առաքելյանին հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիների կողքին լինելու համար՝ բարձր գնահատելով ՀՀ նախկին պաշտոնյայի և նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքն՝ ուղղված Արցախը սոցիալական աղետից դուրս բերելուն և դրա հետևանքները հաղթահարելուն։
Նախագահը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» մեդալը, որը նրան տրվել է արցախցիների սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: