Առաջին ալիքի ղեկավար կազմն այս օրերին Արցախում է մի շարք նոր նախագծերով: Այսօր երկարաժամկետ համագործակցության հուշագիր է կնքվել Արցախի պետական համալսարանի հետ, որի շրջանակում կիրականացվեն համատեղ միջոցառումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր:
Առաջին ալիքի մասնագետները պարբերաբար տեսագործնական դասընթացներ կկազմակերպեն մի շարք մասնագիտություններով:
Լավագույն ուսանողները նաև Հանրային հեռուստաընկերությունում գործնական պրակտիկա անցնելու հնարավորություն կունենան:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ևս մեկ համագործակցության հուշագիր է ստորագրել Արցախի հանրային հեռուստառադիոընկերության հետ, որը նպատակ ունի համատեղել կողմերի ջանքերը նորարարական գաղափարների շուրջ:
Հուշագրով նախատեսվում է նաև հեռուստատեսային նախագծերի համատեղ արտադրություն և ցուցադրություն: