Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջևանում, Ադրբեջանը ռազմական օդանավակայան է բացել: Ռազմական ենթակառուցվածքների նման վերազինումն Ադրբեջանի հարցերով փորձագետի խոսքով՝ ցույց է տալիս, որ այդ երկիրը չի թաքցնում իր ագրեսիվ հռետորաբանությունը թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական ուղղություններով: Տարոն Հովհաննիսյանը Բաքվին զսպելու միակ ճանապարհը համարում է գերժամանակակից սպառազինությամբ բանակը զինելը և դաշնակիցների հետ ռազմական գործակցության խորացումը:
Տարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի հարցերով փորձագետ - Մեր գործողությունները պետք է լինեն համարժեք: Մենք ավելին շատ ու արագ տեմպերով պետք է վերազինվենք: Ադրբեջանը պարզ ցույց է տալիս, որ չի դադարելու զինվել, արդիականացնել բանակը: Եթե նախկինում Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը զենքի վաճառքի կամ զորքին մարզելու մակարդակում էր, ապա հիմա Թուրքիան ուղիղ ներկայություն ունի Ադրբեջանում: Մյուս կողմից մեզ համար կարևոր է ռազմական համագործակցության խորացումը դաշնակիցների հետ: