19-րդ դարում, երբ Շուշին մեծ տնտեսական վերելքի շրջան էր ապրում, այստեղ կուտակվեց հայկական կապիտալը, որը ծառայեցվում էր նաև ազգային մշակույթի զարգացմանը: Ազգային գրադարանը ներկայացնում է Շուշիի հրատարակչական հարուստ ժառանգությունը, որի պատմությունն սկսվում է 1828-ից:
Հետագա տարիներին հրատարակչությունների թիվն անցնում է մեկ տասնյակը, նրանց թվում էին Սրբազան մետրոպոլիտի Բաղդասարի, Հովհաննես Հովնանյանցի, Միքայել Հովսեփյանցի, Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի և նրա դստեր հրատարակչությունները: Հակոբյանցների տպագրատանն է իր գրական մկրտությունն ստացել Լեոն, այստեղ է առաջին անգամ տպագրվել Րաֆֆու «Խենթը»: Վերջիններից մեկը Մելքում Բաբաջանյանի տպարանն էր, որը գործել է 20-րդ դարասկզբին:
Շուշիի մեկդարյա տնտեսական և մշակութային վերելքի ընթացքում այստեղ հրատարակվել է ավելի քան 170 անուն գիրք, լույս է տեսել 28 թերթ՝ 25-ը հայերեն, 3-ը՝ ռուսերեն:
Շուշիի բուռն զարգացման շրջանն ընդհատվեց 1920-ին, երբ Արցախի մշակութային մայրաքաղաքը ենթարկվեց ադրբեջանական հրոսակների հարձակմանը, ավելի ուշ սկսվեց Շուշիի ծաղկուն հայկական մշակույթի նենգափոխման և յուրացման շրջանը: