ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք դառնալ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Կարծում ենք՝ ձգձգվող հակամարտությունից դուրս գալու տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքն օպտիմալ շրջանակներ է ստեղծում»,- հայտարարել է Լավրովը:
«Մարդիկ պետք է զգան, որ այդ գործընթացը տեղի է ունենում, իրավիճակն իրապես կարգավորվում է: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծած աշխատանքային խմբի շրջանակում պարբերաբար հանդիպում են, քննարկում են գործնական ասպեկտները՝ կապված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական ու տրասնպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների պայմանավորվածությունների հետ»,- նշել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ դա չափազանց լուրջ տրանսպորտային հանգույց է, որը մեծ նշանակություն է ունենալու նաև տարածաշրջանային շրջանակներից դուրս: