ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է հստակ քայլեր ուրվագծել Լեռնային Ղարաբաղում խնդիրների կարգավորման գործում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք մտադիր ենք լիովին ու բարեխիղճ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բոլոր պայմանավորվածությունները: Հուսով եմ՝ հստակ քայլեր կուրվագծենք, որոնք թույլ կտան կարգավորել տեղում առաջացած խնդիրները: Բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, չի կարգավորվել երկար տարիներ»,- նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ՝ Մոսկվան կողմ է բոլոր հումանիտար նշանակության հարցերի օպերատիվ և առանց նախապայմանների լուծմանը:
«Նկատի ունեմ զոհվածների մարմինների վերադարձը, անհայտ կորածների ճակատագրի մասին տեղեկությունները, ռազմագերիների վերադարձը»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե Ադրբեջանն ամբողջովին կատարում է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության պարտավորությունները: Բայրամովը հայտարարել է, թե, իբր, հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: