Եվրամիություն-«Աստրազենեկա» տարաձայնությունները չեն անդրադառնա Հայաստանում այդ պատվաստանյութն ստացած կամ պատվաստվել ցանկացող քաղաքացիների վրա: Շատերը մտավախություն ունեն, թե «Աստրազենեկայի» առաջին դեղաչափն ստանալուց հետո, եթե երկրորդ խմբաքանակը չներկրվի, կարող են կանգնել խնդրի առաջ: Մինչդեռ առաջին դեղաչափն ստանալուց հետո երկրորդը պարտադիր է:
Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է՝ մտահոգության առիթ չկա: Միջնորդ հարթակի՝ «Կովաքս Ֆասիլիթիի» հետ, որը Հայաստանին աջակցում է պատվաստանյութերի ձեռք բերման հարցում, արդեն պայմանավորվածություն կա, երկրորդ և հաջորդ խմբաքանակներն անպայման կլինեն Հայաստանում:
Լենա Նանուշյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ - Կոչ եմ անում մեր բոլոր բնակիչներին, ովքեր ստացել են կամ պատրաստվում են ստանալ «Աստրազենեկայի» առաջին դեղաչափը, չմտահոգվել: Երկրորդ դեղաչափն անպայման հասանելի է լինելու իրենց համար ևս:
Եվրամիությունը հրաժարվել է «Աստրազենեկայի» հետ պայմանագիրը երկարաձգել՝ պատվաստանյութը ժամանակին չմատակարարելու պատճառով: Խնդիրը տեխնիկական է՝ պարզաբանում է Լենա Նանուշյանը:
Լենա Նանուշյան - Որևէ ձևով դեղերի գրանցման միջազգային կարգավորիչ մարմինները բացասական չեն ներկայացնում «Աստրազենեկայի» մասին որևէ տեղեկություն:
Այսօրվանից Հայաստանում սկսվել է չինական պատվաստանյութի բաշխումը պոլիկլինիկաներին: Երկու-երեք օրից կսկսվեն նաև կորոնավակի ներարկումները: Ցանկության դեպքում չինական պատվաստանյութով կարող են պատվաստվել ռիսկի որևէ խումբ չներկայացնող, 18 տարին լրացած անձինք: Սա վերաբերում է նաև «Աստրազենեկային»: Ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով այս պահին կարող են պատվաստվել միայն ռիսկի խմբերի՝ 18-54 տարեկան քաղաքացիները: