Երկրում համաճարակաբանական իրավիճակը բավական բարդ է, լրագրողներին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
«Եթե մենք մայիսի առաջին կեսն անցնենք այնպես, որ դեպքերի աղետալի աճ չլինի, հուսանք, որ ամառն ավելի նորմալ կլինի»,- ասել է Իմնաձեն:
EADaily-ն հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 549 նոր դեպք, 24 հիվանդ մահացել է, 1439 մարդ բուժվել է:
Համավարակի սկզբից ի վեր գրանցվել է Covid-19 վարակի 322468 դեպք, վարակը հաղթահարել է 302428 մարդ, մահացել է 4305 մարդ:
Միաժամանակ, ըստ Իմնաձեի, պատվաստումների գործընթացը լավ է ընթանում, նա հույս ունի, որ ավելի շատ քաղաքացիներ կներգրավվեն պատվաստումներում:
Մայիսի 9-ի դրությամբ մինչև 62447 մարդ ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 10852-ը անցել են պատվաստման լրիվ կուրսը: