Մինչ Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները սպասում էին միջոցառման մեկնարկին, շատերի համար անակնկալ պարզվեց՝ դաշինքի առաջնորդները «Երևան» հյուրանոցում են:
Քաղաքական միավորի պաշտոնական ձևավորման արարողությանը մարդիկ հրապարակից հետևում էին ուղիղ միացմամբ՝ մեծ էկրանների միջոցով:
Դիմելով հանրությանը՝ նոր քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ երկիրը կառավարման և տնտեսական ճգնաժամի մեջ է, ուստի մտադիր են իշխանափոխություն իրականացնել: Երկրորդ նախագահը նաև ներկայացրեց այն քայլերը, որոնք կանեն՝ իշխանության գալու պարագայում:
Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինքի առաջնորդ) - Առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցված վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, իրավական համակարգ, կրթություն, գիտություն: Դա անհրաժեշտ է հետագա քայլերը պլանավորելու համար: Անհրաժեշտ է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետական համակարգի հետագա դեգրադացիան:
Դաշինքը համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել բանակցությունների միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանությունը չի կարող բանակցային գործընթացում արժանապատիվ ներկայացնել երկիրը, քանի որ, ըստ իրեն, պարտության խորհրդանիշ է: Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վերընտրվելու շանս չունեն: Կարո՞ղ է այդ պարագայում հաշվեհարդար լինել՝ կարճ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց լրագրողը:
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բացատրեց, թե ինչու են հենց այս կազմով գնում ընտրությունների՝ հավատում են, որ հենց Քոչարյանի գլխավորությամբ կկարողանան հասնել հաջողության:
Իշխան Սաղաթելյան - Մենք հրաշքներ չենք խոստանում, բայց երաշխավորում ենք քրտնաջան աշխատանքով երկիրը դուրս բերել այս վիճակից:
Սյունիքի նախկին մարզպետի գլխավորած «Վերածնվող Հայաստանի», Ռոբերտ Քոչարյանի ու Դաշնակցության միջև Հուշագրի ստորագրումից հետո դաշինքը շարժվեց դեպի Ազատության հրապարակ: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Հայաստանի առջև ծառացած երեք խնդրի մասին՝ անվտանգային սպառնալիքներ, արցախյան հակամարտություն և տնտեսական ճգնաժամ: Վստահեցրեց՝ պատրաստ է դիմակայելու այդ ամենին:
Քոչարյանի հետ մեկտեղ բեմում էին նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Իմ քայլի» նախկին պատգամավոր Աննա Գրիգորյանը, Դաշնակցության մի շարք նախկին պատգամավորներ: Դաշինքին են միացել նաև Սյունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներ, այդ թվում՝ Գորիսի, Կապանի և Մեղրիի քաղաքապետները:
Թե ինչ տեսք կունենա դաշինքի ցուցակը, և որ դիրքերում կլինեն այս գործիչները՝ դեռ պարզ չէ: