Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի տարածքում նոր բախումներ են սկսվել իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև, գրում է Reuters-ը: Իսրայելական իրավապահների ու բանակի ներկայությունը քաղաքում ավելացել է, քանի որ այսօր սպասվում է նաև հրեական ազգայնականների քայլերթը:
Պաղեստինցիները քարեր են նետել Իսրայելի անվտանգության ուժերի ուղղությամբ, վերջիններ էլ լուսաձայնային նռնակներ են կիրառել նրանց դեմ:
Վերջին երեք օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ և ավելի քան 20 իսրայելցի ոստիկան է վիրավորվել:
Ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների՝ Ալ Աքսա մզկիթի տարածքից ցուցարարներին հեռացնելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ, մի քանի մարդ ձերբակալվել է: Պաղեստինի Կարմիր մահիկի տվյալներով՝ բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, մոտ 80-ը հոսպիտալացվել են: Կազմակերպությունը պնդում է, որ բժիշկներին թույլ չի տրվել մոտենալ մզկիթին ու օգնել վիրավորներին:
Իսրայելի զինվորականների և պաղեստինցիների բախումները շարունակվում են մայիսի 7-ից: Դրանք նախ բռնկվել են Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղ իսրայելական դատարանի որոշմամբ վտարվել է մի քանի արաբական ընտանիք: Բողոքի ցույցերը, այնուհետև, տեղափոխվել են Տաճարի լեռ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է. «Ոչ մեկին թույլ չենք տա խաթարել Երուսաղեմի խաղաղությունը: Մենք նրանց կստիպենք ենթարկվել օրենքին և կարգուկանոն հաստատել քաղաքում: Կշարունակենք երաշխավորել դավանանքի ազատությունը ցանկացած կրոնի հետևորդների համար, բայց թույլ չենք տա բռնության միջոցով հետապնդել իրենց նպատակներին»:
Պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Հրեաներն էլ ամբողջ Երուսաղեմը, որտեղ գտնվում են հուդայականության, իսլամի և քրիստոնեության հայտնի սրբավայրերը, տեսնում են որպես իրենց միացյալ մայրաքաղաք:
Թուրքիայի նախագահ Էրդողանն անհանգստություն է հայտնել Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձություններին նկատմամբ և կոչ է արել իսլամական աշխարհին միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ վերջինիս գործողությունները որակելով «վայրագ հարձակումներ»։
Ստամբուլում էլ հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ: Ցուցարարները ծածանել են Թուրքիայի ու Պաղեստինի դրոշները և հնչեցրել հակաիսրայելական կոչեր:
Արևելյան Երուսաղեմում «շարունակվող բռնությունների» կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը: Իսրայելի իշխանություններին նա կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից: