«Հայոց ցեղասպանության ճանաչում, հանրային ոլորտից ցեղասպանության ոճրագործների անունները հանել և Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարել». սրանք են Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի պահանջները, որոնք նա օրենքի բանաձևի տեսքով ներկայացրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով։
Հայազգի պատգամավորի խոսքով՝ 106 տարի է շարունակվող ժխտողականությունն էլ նույնչափ մեծ աղետ և անարդարություն է։ Փայլանն ասում է՝ 106 տարի է՝ չենք կարողանում արդարության հասնել։ Եվ հայ ժողովուրդն արդարությունը, մեծ մասամբ, փնտրում է Թուրքիայից դուրս՝ այլ երկրներում։ Ըստ նրա՝ տասնյակ խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը մեր վերքերը չի ամոքել։ Փայլանը վստահ է, որ միայն մեկ երկիր կա, որի ցեղասպանության ճանաչումը կամոքի հայ ազգի վերքերը։ Այդ երկիրը Թուրքիան է։
Կարո Փայլան (Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր) - Մեր տատերին՝ վերապրածների առաջին սերնդին հողին հանձնեցինք առանց արդարության հասնելու։ Հայրս էլ մահացավ առանց արդարություն գտնելու։ Այժմ Հայոց ցեղասպանություն վերապրածների երկրորդ, երրորդ և չորրորդ սերունդներով շարունակում ենք արդարության մեր պահանջը։
Փայլանը հիշեցրեց, որ մեր օրերում դեռ կան Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներ, երեխաները կրթություն են ստանում Թալեաթ փաշայի անվան փողոցներում։ Նա օրինագծով նաև պահանջել է, որ այս հողերից քշված, վտարված հայերի սերունդներին քաղաքացիության իրավունք տրվի։ Փայլանի կարծիքով՝ դա ներողութուն խնդրելու մի քայլ է: Թուրքիայի մեջլիսի կողմից օրենքի բանաձևի ընդունմանը Փայլանն ինքը թերահավատորեն վերաբերվեց։ Սակայն վստահ է, որ սա քննարկան հարթակ կստեղծի Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների համար, որն էլ կհանգեցնի է Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և, ի վերջո, իրողության ճանաչմանը։
Կարո Փայլան - Իմ դեմ հնչեցված քննադատությունները շատ թույլ են։ Մարդկանց մոտ հարցականներ են առաջանում։ Վստահ եմ, որ Թուրքիայում միլիոնավոր մարդիկ պատրաստ են Հայոց ցեղասպանությանն առերեսվելուն, եթե անգամ չօգտագործեն «Ցեղասպանություն» եզրույթը։ Այդ է պատճառը, որ շարունակում եմ արդարության իմ փնտրտուքը։
Թուրքիայում հատկապես վերջին տարիներին ձևավորված ազգայնական մթնոլորտը Կարո Փայլանին չի վախեցրել։ Վստահ է, որ երկարատև լռությունից հետո ժամանակն է խոսելու և շարունակելու պայքարը հանուն արդարության։ Փայլանի կարծիքով՝ նույնիսկ եթե կան այնպիսիք, որ ցանկանում են քողարկել ճշմարտությունը, սակայն երբ ճշմարտությունն ասում եք նրանց երեսին, այն մեծ ուժ է ձեռք բերում։ Հայ գործիչն արձանագրում է՝ Թուրքիայի հայերը երկար ժամանակ է՝ լուռ էին։ Այնուհետև՝ 90-ականներին, Հրանտ Դինքի շնորհիվ նրա հետ սկսել են խոսել պատահած մեծ աղետի մասին։ Ըստ նրա՝ 2015 թ. մեծ ձեռքբերումներ եղան։
Թուրքական հասարակությունը գիտակցեց, որ անցյալում մեծ աղետ է տեղի ունեցել։ Թաքսիմի հրապարակում, Ստամբուլի ամենամեծ հրապարակներում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ իրականացվեցին, սակայն 2015 թվականից ի վեր նորից ազգայնական մթնոլորտ ձևավորվեց, և ձեռքբերումների մեծ մասն ի չիք եղավ։
Կարո Փայլան - 1915 թվականին էլ հայ ժողովրդի մեծամասնությունը լուռ էր, սակայն Ցեղասպանություն իրականացվեց ամբողջ հայ ժողովրդի դեմ։ Այժմ էլ լռությունը կնշանակի հանձնվել այս ազգայնական մթնոլորտին։ Թուրքիացի միլիոնավոր հայեր, քրդեր, թուրքեր պայքարում ենք այս ֆաշիստական մթնոլորտի դեմ։ Կարծում եմ, որ դրա դեմ լռությունը պարտություն է նշանակում։ Այդ է պատճառը, որ շարունակում եմ ձայնս լսելի դարձնել այս արդարացի պահանջում, արդարության պահանջում։
Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց Իյի կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Ումիդ Օզդաղը սոցիալական ցանցերում կատարած գրառումով սպառնացել էր Կարո Փայլանին՝ շեշտելով, որ նա էլ պետք է Թալեաթ փաշայի փորձը ապրի՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը։ Փայլանը կարծում է, որ այդ փորձը տեղի հայերն իրենց մաշկի վրա զգացել են տարիներ շարունակ՝ ամեն օր։ Սակայն սա և նմանատիպ սպառնալիքները լռելու պատճառ չեն հանդիսանալու։
Կարո Փայլան - Մենք՝ հայերս, 106 տարի է՝ այս հողերում Թալեաթ փաշայի փորձով ենք անցնում, երբեմն՝ մակերեսորեն, երբեմն՝ խորքային, քանի որ Թալեաթ փաշայի արարքներն անպատիժ մնացին: Հայոց ցեղասպանությունից հետո ատելության խոսքը, ատելության հիմքով հանցագործությունները շարունակվեցին։ Մի շարք դասագրքերում ատելության խոսքեր կային, առօրյա կյանքում հայը հայհոյանք էր, ստիպված էինք թաքցնել մեր ինքնությունը։ Տատս չկարողացավ մայրենի լեզուն՝ հայերենը, սովորեցնել հորս։ Հազարավոր հայկական եկեղեցիներ, մշակութային ժառանգություն ոչնչացվեցին։ Սակայն արդարության մեր պայքարը երբեք չդադարեց և ինձանից հետո էլ չի դադարի։
Ջո Բայդենի ելույթը թուրքական հասարակության որոշ շրջանակներում զայրույթ առաջացրեց, քաղաքական մի շարք աջակողմյան գործիչներ հանդես եկան դատապարտությամբ։ Այս իրավիճակը տեղաբնակ հայերի համար լի է մի շարք վտանգներով, սակայն Կարո Փայլանի համոզմամբ՝ Թուրքիայի բնակչության զգալի հատվածն այս ռասիստական մոտեցումը չի օժանդակում և հայերին կողքին է։
Կարո Փայլան - Ինչպես Հրանտ Դինքն էր ասում, մենք աղավնու երկչոտությամբ ենք ապրում։ Ամեն անգամ, երբ ազգայնականությունը գլուխ է բարձրացնում, ամեն անգամ, երբ ռասիստական իշխանություն է հաստատվում, մեզ աղետ է պատահում։ Հայ ժողովուրդն այս հողերում իր ապագան չի տեսնում։ Մի բուռ ենք մնացել առանց այդ էլ։ Սակայն լավն այն է, որ, օրինակ՝ միլիոնավոր մարդիկ դեմ դուրս եկան իմ դեմ իրականացված այս ատելության հարձակմանը։ Թուրքիան չի նշանակում Էրդողան։ Թուրքիան նրա ազգայնական գործընկերը չէ։ Հավատում եմ և վստահ եմ, որ հայոց ցեղասպանության առերեսումը հնարավոր է միայն ու միայն ժողովրդավար Թուրքիայում։ Արտերկրում հայերի պայքարը արժանի է հարգանքի, շատ կարևոր է։ Սակայն մենք՝ այս հողերի, այս երկրի հայերս, պետք է ավելի շատ օժանդակենք այս երկրում ժողովրդավարության հաստատման պայքարին։
Կարո Փայլանը, որը նաև մեծ ներդրում ունի Թուրքիայի հայ համայնքի զարգացման, հայապահպանման գործում, նշում է, որ հայերի վերքը դեռ ամոքված չէ։ Նա Թուրքիայում ապրողներին կոչ է արել չմոռանալ, որ Ցեղասպանության ընթացքում կորցրած հողերը հայերի հողերն են, այնպես, ինչպես թուրքերի, քրդերի հողերը։ Հայազգի պատգամավորը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման, քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի աշխուժացման անհրաժեշտություն է տեսնում և վստահ է, որ երկխոսությունը հնարավոր է։
Կարո Փայլան - Այժմ Թուրքիայում ազգայնական մթնոլորտն է գերակշռում, սակայն վստահ եմ, որ Անատոլիայում որ դուռը որ թակեք, ներս կհրավիրեն, ցավը կկիսեն և կսկսեն առերեսվել։ Պետք է չվախենանք այս դռները բացելուց:
Փայլանը գիտի, որ հեշտ չի լինելու միասին այդ երազանքները կառուցել, բայց հույս ունի միասին քայլել դեպի արդարություն։