ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն անդրադարձավ իշխանության եռամյա գործունեությանը:
«Առաջինը՝ ամեն բան արվեց՝ ներկայացնելու «Իմ քայլը» դաշինքին և իշխող քաղաքական ուժին որպես պետական ապազգային ուժ: Բայց դրան զուգահեռ մենք մեր արդյունքներով ցույց տվեցինք, որ առավել քան կանգնած ենք ազգային արժեքների պահպանության առաջնագծում»,- նշեց պատգամավորը:
Վարդանյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման ոլորտում գրանցած հաջողություններին: «Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն էլ կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը, և պետական մակարդակի վրա դա կարևոր նվաճումներից մեկն էր: Մենք հստակ հասկանում ենք, որ այսօր, վաղը և երբևիցե Արցախի հայ ժողովուրդը չի կարող գոյատևել անվտանգ, չի կարող ապահովվել վերջինիս ֆիզիկական անվտանգությունը, եթե նա մնա Ադրբեջանի վերահսկողության ներքո»:
Պատգամավորն անդրադարձավ արդարադատության որակի ապահովման հարցում իշխանության դրսևորած բծախնդրությանը՝ հիշելով, որ 2018-ին քննարկումների ժամանակ կար փոքր զանգված, որը պնդում էր, թե ամեն բան լավ է ոլորտում, կար զանգված, որը փորձում էր ոչնչացնել արդարադատության համակարգը Հայաստանում:
«Բարեբախտաբար սա չստացվեց, որովհետև մեզ, իրոք, անհրաժեշտ էր դատական համակարգ, որը քաղաքականապես անկախ է, որը չի ենթարկվում ոչ գործադրին, որ օրենսդրին: Անկեղծ լինենք մեկս մյուսի հետ՝ մենք դա էինք ցանկանում: Մենք ուզում էինք ունենալ իրավիճակ, երբ քաղաքական իշխանությունն իր կամքը չի թելադրում արդարադատություն իրականացնող մարմիններին: Այսօր վստահաբար կարելի է ասել, որ, այո՛, մենք դրան հասել ենք: Հավատացնում եմ ձեզ՝ կանցնեն տարիներ, և մենք ձեզ հետ այս ժամանակաշրջանը կորակենք որպես Հայաստանում անկախ և արդյունավետ դատական իշխանության ձևավորման փուլ»,- ընդգծեց Վարդանյանը: