Կրթական գերատեսչությունը կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչներին ավելի բարձր վարձատրվելու հնարավորություն կտա: Գործընթացն արդեն սկսվել է: Մինչև մայիսի 31-ն ուսուցիչները կարող են համապատասխան դիմումը, դպրոցից տեղեկանքն ու դիպլոմի պատճենը ներկայացնել նախարարություն կամ դրանք ուղարկել էլեկտրոնային տարբերակով:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 80 տոկոսից մինչև 90 տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 90 տոկոս և ավելի արդյունք, կստանան աշխատավարձի 50 տոկոս հավելավճար:
70-80 տոկոս արդյունք գրանցելու դեպքում ուսուցիչը կհամարվի ատեստավորումն անցած, բայց հավելավճար չի ստանա, իսկ ցածր արդյունքի դեպքում մեկ տարի հետո կրկին կանցնի գիտելիքի ստուգման փուլով:
Կամավոր ատեստավորում կարող են անցնել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, հայոց պատմություն ու աշխարհագրություն դասավանդողները: Ուսուցիչների գիտելիքների ստուգման գործընթացը կիրականացնի գնահատման և թեստավորման կենտրոնը սեպտեմբերին: Հարցաշարերը կազմվելու են ծրագրային նյութի հիման վրա:
Ժաննա Անդրեասյան - Նախնական գնահատականներով՝ մենք ակնկալում ենք 2000-ից ավելի դիմումներ, դրա պարագայում 1500-ից ավելի ուսուցիչներ կկարողանան այս եղանակով հավելավճարները տարեվերջին ստանալ:
Գիտելիքների ստուգմանը կարող են մասնակցել դպրոցում ու բուհում համատեղությամբ աշխատողները, ժամանակավոր փոխարինող ուսուցիչները, նաև՝ մի քանի դպրոցում համատեղությամբ աշխատողները: Այս դեպքում նրանք պետք է դիմեն հիմնական աշխատավայր համարվող դպրոցից:
Նախատեսվում է արդեն հաջորդ տարի այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներին էլ գիտելիքները ստուգելու, հավելավճարներ ստանալու հնարավորություն ընձեռել:
Ատեստավորման արդյունքները գաղտնի են լինելու: