Իշխանությունից հեռացնել կարող է միայն ժողովուրդը, որովհետև իշխանության կրողը ժողովուրդն է՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի երեկվա հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Որևիցե դաշինք չի կարող հայտարարել որպես քաղաքական նպատակ իշխանությունից հեռացնելը: Ես բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ հաջողություն ընտրություններին, որովհետև ընտրւթյունների միջոցով կարող է Հայաստանում իշխանություն ձևավորվել: Եթե որևիցե մեկն այլ կարծիքի է, խնդրում եմ ասեք: Եվ որևիցե մեկը չի կարող իշխանության տիրոջ տեսանկյունից կարծիքներ արտահայտել, ո՛չ ես, ո՛չ դուք, ո՛չ որևիցե քաղաքական ուժ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ցավում է, որ նույնիսկ ԸՕ այս փոփոխություններից հետո մենք չենք խոսում գաղափարների, կուսակցությունների, այլ անձանց մասին:
Վարդանյանը հույս հայտնեց, որ ՀՀ քաղաքացու հիշողությունը բավական պինդ ու ամուր է, եթե մի փոքր թարմացնենք մեր հիշողությունները, ապա կտեսնենք, որ անկախ հայտարարություններից՝ իշխանության վերադառնալու նկրտումները Քոչարյանի մոտ երբեք չեն դադարել:
«Եթե ինչ-որ մեկը հիշի 2008 թվականի կամայական ձերբակալությունները Հյուսիսային պողոտայից, եթե ինչ-որ մեկը հիշի հենց Հյուսիսային պողոտայի կառուցումը, Եվրոպական դատարանի վճիռները, որոնք կայացվել են Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո, եթե ինչ-որ մեկը հիշի ընդհանրապես իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, ինձ թվում է՝ պատասխանն իրենց համար հստակ կլինի»,- մանրամասնեց Վարդանյանը: