Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը տեղեկացրել է՝ այսօր Էջմիածին քաղաքի ավագանին հաստատել է 750 մլն դրամի, շուրջ 1 հա (հեկտար) մակերեսով ասֆալտապատում կատարելու նախագիծ:
Հաստատված նախագծով ասֆալտապատվող հատվածներն ընդգրկում են Հունան Ավետիսյան, Թորոս Ռոսլինի (նախկին՝ Լիսիցյան), Գրիգոր Նարեկացու, Վարդան Մամիկոնյան (հատված), Կոմիտասի փողոց (2 հատված), Թորամանյան, Ֆրանց Վերֆելի (նախկին Շոլոխովի), Այվազովսկու, Ա. Մանուկյան 1-ին թաղամասի թվով 3 փողոցները (այդ թվում՝ այգուն հարող փողոցները), Վիկտոր Համբարձումյան (նախկին Լոմոնոսովի) 1-ին փակուղին, թիվ 2 երաժշտական դպրոցի հետնամասի ճանապարհը, Սբ. Մովսես Խորենացու 0,2, 4, 22, 24, 26 շենքերի բակերը, Լեոնիդ Ազգալդյան (նախկին Վռամ Կոստանյան) թիվ 3 և 5 շենքերի բակերը, Սբ. Գրիգոր Լուսավորչի (նախկին Կամոյի) թիվ 2, 2Ա, և 4 շենքերի բակերը, Շահումյան 69, 71, և 73, Սբ. Մ. Մաշտոցի թիվ 8Ա, 8Բ, 8Գ և 8Վ, Արագածի զանգված թիվ 16 շենքի բակը, Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցներ, Տերյան 1-ին փակուղին:
«Ելնելով հաստատված նախագծի ծավալից՝ հարկ ենք համարում նշել, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվելու են երկու փուլով: Ըստ այդմ՝ Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցները, Տերյան 1-ին փակուղին և Արամ Մանուկյան 1-ին թաղամասի թվով 1 փողոց կասֆալտապատվեն երկրորդ փուլով՝ 2022 թվականին:
Էջմիածին համայնքի ավագանին 2021 թվականի մայիսի 10-ի արտահերթ նիստով հաստատել է վերոնշյալ աշխատանքների կատարման համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կողմից բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված ժամկետը կրճատելու որոշում՝ աշխատանքների կատարման համար մրցույթները հնարավորինս շուտ հայտարարելու, անցկացնելու և ասֆալտապատումը օր առաջ մեկնարկելու նպատակով»,- տեղեկացրել է Էջմիածնի քաղաքապետը:
Բացի այս ծրագրից, հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ Էջմիածնում կատարվելու են նաև 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով, որով նախատեսված են հետևյալ աշխատանքները՝
Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում.
Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգում՝ սալիկապատմամբ.
Սբ. Մովսես Խորենացու փողոցի հիմնանորոգում (ջրահեռացման համակարգի կառուցում, ասֆալտապատում).
Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու կառուցում: