44-օրյա պատերազմին Լճաշենը 5 զոհ է տվել: Գյուղ այցը Նիկոլ Փաշինյանն սկսեց ծաղիկներ խոնարհելով նրանց շիրիմներին: Տղաների, համագյուղացիների հետ հանդիպումն էլ է սկսվում լռության րոպեով: Նահատակներին հիշում են անուն առ անուն:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Հայկ Դավիթի Գասպարյան, Վրույր Ավետիքի Վարդանյան, Գևորգ Բաբայան, Փայլակ Ղազարյան, Րաֆֆի Մանուկյան...
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մայիսի 9-ի խորհուրդն առերեսում է անցյալի և ապագայի հետ: Ընդգծեց՝ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը երազանքի երկիր ստեղծելն է՝ խաղաղ, զարգացող, բարեկեցիկ, արդար, օրինական: Լճաշեն վերջին այցը 2020-ի օգոստոսին էր, առիթը՝ մանկապարտեզի բացումը: Պատերազմը փոխեց կյանքը:
Նիկոլ Փաշինյան - Մեր ժողովուրդն իր կամքով բոլոր հիքմերը տալիս է մտածելու, որ մեր երկիրը կրկին ոտքի է կանգնելու: Մենք վերադառնալու ենք մանկապարտեզի թեմային:
Հայաստանի շենացվող ամեն անկյունն է, ըստ Նիկոլ Փաշինյանի, ասելու՝ տղաներն իզուր չընկան մարտում, ընկան երեխաների խաղաղ ապրելու համար: Հեշտ խնդիր չէ՝ ասաց Փաշինյանը՝ պատասխանելով նաև պատերազմից խուսափելու հնարավորության մասին հաճախ հնչող հարցին:
Նիկոլ Փաշինյան - Պատերազմի խուսափելու միայն մեկ հնարավորություն կար, որ մենք ունենայինք որակապես բոլորովին այլ մակարդակի երկիր, դա կլիներ խաղաղության ամենակարևոր երաշխիքը: Այսօր այդ խնդիրն է մեր առջև դրված: Մենք պետք է միասին այդ խնդիրը լուծենք:
Հողին ամուր ու վստահ կանգնած մարդիկ են Նիկոլ Փաշինյանին վստահություն ներշնչում՝ միասին կկառուցեն ապագան:
Նիկոլ Փաշինյան - Մենք կառուցում ենք մանկապարտեզներ, բայց մենք չենք կառուցում այդ մանկապարտեզների շինարարությունից գողանալու համար, մենք կառուցում ենք երեխաների համար: Մենք կառուցում ենք ճանապարհներ բայց չենք կառուցում այդ ճանապարհներից գողանալու համար, այդ ճանապարհները կառուցում ենք ձեզ համար:
Լճաշենցիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի շուրջ քննարկվող հարցերին:
Նիկոլ Փաշինյան - Չգիտեմ ինչեր են հորինում, թե Սյունիքն են տալիս, առաջին օրերին, հիշո՞ւմ եք, Սևանը տալիս են, Գեղարքունիքը տալիս են, եկան, հասան, փախեք , հասկանո՞ւմ եք: Հասկանում եք, ինչ են ուզում անել, Հայաստանում կան մարդիկ, որոնք դժբախտության վրա մրավորներ հավաքելու մեծ մասնագետներ են: Երկիրը կառուցելով թույլ չենք տալու, որ նրանք աչոկ հավաքեն: Թույլ չենք տալու, որ նրանք դժբախտության վրա կառուցեն իրենց հարստությունը, երջանկությունը: Դուք թույլ չեք տալու, որովհետև, այո՛, այս երկրի տերը դուք եք:
Հայաստանի քաղաքացին, ըստ Փաշինյանի, ստացել է ազատություն: Այդ ազատությունը նա պետք է դարձնի բարեկեցություն, խաղաղություն:
Նիկոլ Փաշինյան - Ասում են՝ հիմա թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ չէ: Դա ասելո՞վ է, իհարկե մեր թշնամին է: Դա պատմությունն է որոշել, հարցն ուրիշ է՝ չի կարելի չկառավարել այդ թշնամանքը: Ժողովրդից թույլտվությում եմ խնդրելու, որ մենք միասին պետք է կառավարենք այդ թշնամանքը: Այո՛, տարածաշրջանի ճանապարհներն ու կոմունիկացիաները պիտի բացվեն, չհավատաք այդ հեքիաթներին, միջանցք, չգիտեմ ինչ: Այո՛, ճանապարհներ ունենալու ենք, և տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, որովհետև դա է ճանապարհը, որ Հայաստանում պղնձաձուլարան լինի, որ այս տարածաշրջանի կաբելի գործարաններն աշխատեն: Առանց երկաթուղու մենք այլ կարգի տնտեսություն չենք կարող ունենալ:
Ճանապարհելիս՝ լճաշենցի երեխաները մի խնդրանք ունեին Նիկոլ Փաշինյանին: «Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը կառուցվի: Անպայման կգամ, միասին կգնանք»,- ասաց Փաշինյանը:
Վարդենիսի մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ֆուտբոլիստ աղջիկները: Վարչապետի պաշտոնակատարն այնուհետև այցելեց Սուրբ Աստվածածին եկեղեցի: Վարդենիսցիները եկեղեցու բակում էին հավաքվել՝ հանդիպելու Կառավարության ղեկավարին:
Նիկոլ Փաշինյան - Փաստը, որ բանտում կրկնակիից քիչ մարդ կա, դա էլ է արդարություն, բանտում անմեղ մարդ չկա:
Ծովակի բնակիչները Սևանի ափին ծափերով դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին: Վարդաձորում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։ Այցելեց դպրոցի՝ Արցախյան զոհերի հիշատակին նվիրված դասասենյակ:
Ծովինարից 5 զինծառայող է զոհվել պատերազմում: Վարչապետի պաշտոնակատարը հնչեցրեց նրանց անունները, զրուցեց բնակիչների հետ: Նորատուսը ևս 5 զոհ ունի, 1 զինծառայող դեռ անհետ կորած է: Գլխավոր ասելիքը նույնն է՝ նրանց հանդեպ հարգանքի տուրքը կլինի Հայաստանը երազանքի երկիր դարձնելը: Նիկոլ Փաշինյանն այնուհետև նորատուսցիների հետ քննարկեց Սևանի ու ձկնավերարտադրության հարցը:
Նիկոլ Փաշինյան - Միջոցները, որ կգոյացնենք, կփորձենք օգտագործել, որ Սևանը մաքրվի, ձկի վերարտադրության համար լավ պայմաններ լինեն, աշխատանքի համար էլ՝ օրինական:
Մարտունիից 7 զինվոր անմահացավ: Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց նրանց անունները, ասաց՝ ամենակարևոր անելիքը նահատակներին արժանի լինելն է: Դեռ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչո՞ւ հաղթանակից հետո առերեսվեցինք դառը պարտությանը:
Նիկոլ Փաշինյան - 7 ամսվա մեջ հետ եմ գնում, առաջ եմ գալիս, ինչն այլ կերպ կարող էինք անել, բայց մեկ է՝ ոնց գնում, հետ եմ գալիս, այնուամենայնիվ, այս ճանապարհը պետք է անցնեինք: Այսքանից հետո, երբ ձեր մեջ հույս ու վճռականություն եմ տենում, դա ահավոր ուժեղացնում է, դուխ տալիս: Ուզում եմ խոնարհվել ձեր առաջ:
Ճանապարհների խնդրի մասին խոսելիս Փաշինյանը կես կատակ նշեց՝ առաջին այցն է, որ անցել է ճանապարհով ու չի զանգել Սուրեն Պապիկյանին:
Նիկոլ Փաշինյան - Ասել եմ՝ Մարտունու ճանապարհն ի՞նչ եղավ, ասաց՝ անում ենք, երբ մտանք, ասացի՝ առաջին անգամն է, որ Մարտունու միջով անցնում եմ, Պապիկյանին չեմ զանգում: Եկանք, Սելիմի խաչմերուկի փոսերը տեսա, ասացի՝ այս անգամ էլ առանց Պապիկյանի չեղավ: Խոստանում է, որ վաղը մրցույթ է լինելու:
Բանակի հետ հավասար թիկունքի պայքարի մասին: 2-րդ բանակային կորպուսի թիկունքը դուք եք պահել՝ շեշտեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Պարույր Սևակը շատ լավ բառեր ունի՝ «Ընկել ենք, սակայն երբեք չենք ծնկել»: Այո՛, այս պատերազմում մենք ընկել ենք, բայց այս պատերազմում մենք չենք ծնկել: Եվ մենք չենք ծնկելու: