Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի տարածքում նոր բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև: Պաղեստինցիները քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, նրանց դեմ էլ լուսաձայնային նռնակներ են կիրառվել: Վերջին երեք օրվա ընթացքում բախումների հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ և ավելի քան 20 իսրայելցի ոստիկան է վիրավորվել: Բախումներն սկսվել էին Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղ իսրայելական դատարանի որոշմամբ՝ մի քանի պաղեստինցի ընտանիքի էր վտարվել: Բողոքի ցույցերն, այնուհետև, տեղափոխվել էին Տաճարի լեռ:
Բենյամին Նեթանյահու, Իսրայելի վարչապետ - Ոչ մեկին թույլ չենք տա խաթարել Երուսաղեմի խաղաղությունը: Մենք նրանց կստիպենք ենթարկվել օրենքին և կարգուկանոն կհաստատենք քաղաքում: Կշարունակենք երաշխավորել դավանանքի ազատությունը բոլոր կրոնների հետևորդների համար, բայց թույլ չենք տա բռնությամբ հասնել իրենց նպատակին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր անհանգստությունն է հայտնել Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, իսլամական աշխարհին կոչ արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ, հրեական պետության գործողությունները որակել «վայրագ հարձակումներ, ահաբեկչություն»։ Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է՝ Անկարան շարունակելու է զորակցել պաղեստինցիներին։
Ստամբուլում էլ հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Իսրայելի հյուպատոսարանի մոտ, հակաիսրայելական կոչեր հնչեցրել: Արևելյան Երուսաղեմում «շարունակվող բռնությունների» կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Իսրայելի իշխանություններին կոչ արել դադարեցնել պաղեստինցիների վտարումն իրենց տներից: