Պատերազմը մեկ-երկու օրվա բան չէ, Սպարապետից հետո մենք անպատրաստ ենք եղել պատերազմի մինչև այս իշխանությունները: Եթե այդ ժամանակահատվածում մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, կարելի էր Հադրութից մինչև Շուշի թունել անցկացնել՝ ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով «գումարներ լափելու մեջ»:
«Բայց էլի ուշ չի, մենք պետք է գանք հենման կետի, հասկանաք՝ ինչ է կատարվել: Ես չեմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը մեղավոր չեն, բայց չի կարելի տարիների չարածը բարդել էսօրվա վրա: Եթե բոլոր նախագահները էն ժամանակ հասկանում էին, որ բանակցությունների միջոցով հարց չի լուծվելու, ուրեմն կա՛մ պիտի գնային ինչ-որ ճանապարհով, կա՛մ մենք պետք է պատրաստվեինք պատերազմի: Ադրբեջանը ո՞նց արեց՝ պատրաստվեց պատերազմի: Ամեն անգամ, երբ նման հարց է եղել, ես ասել եմ՝ պատերազմն անխուսափելի է: Մենք էլ պիտի պատրաստվեինք, որ ինչ-որ հակահարված տայինք»,- նկատեց Միքայելյանը:
Միքայելյանի խոսքով՝ ինքը՝ որպես զինվոր, հրամանատար, իր գործն արել է, որ հաղթենք:
«Ես չեմ հուսահատվում այսօր, մենք պարտություն էլ ենք կրել էն պատերազմում, հող էլ ենք տվել, բայց ես չեմ հուսահատվում, որ մի օր էլի մեր հողերը մերը կլինեն: Այսօրվա դժբախությունը հենց նրա մեջ է, որ մեր ժողովուրդն անորոշության մեջ է, չի հասկանում՝ ինչ անի: Դրա համար մեզ պետք է համախմբվել, սառը դատել ու առաջ գնալ»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե բանակցային գործընթացը տապալվել է Փաշինյանի ժամանակ, Միքայելյանը պատասխանեց՝ բանակցային գործընթացը Փաշինյանը չի տապալել, այլ գործընթացը եկել է նախորդ իշխանությունների տարիներից և հասել այսօրվան:
«Չի կարելի բերել այսօր և բարդել մի մարդու վրա: Այսօր եկել և ասում են՝ տվեք մեզ հնարավորություն, կանենք: Այդ հնարավորությունը տրված էր, պիտի անեին 20 տարիների ընթացքում»,- հայտարարեց Միքայելյանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքներին՝ ասաց. «Նա ամեն ինչ կարող է հայտարարել»: «Էս ժողովուրդը եթե Քոչարյանին պիտի հետ բերի, չգիտեմ ...»- ասաց Միքայելյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանն է իր գործողություններով նպաստել, որ Ռոբերտ Քոչարյանը հետ է վերադառնում քաղաքականություն, այդ պահին Սասուն Միքայելյանին մոտեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հավելեց, թե «արհավիրքը երբեք չի կարող վերադառնալ»:
«Էս ազգը պիտի հասկանա, հեռու մնա արհավիրքներից»,- ավելացրեց Սասուն Միքայելյանը:
Լրագրողները հիշեցրին Քոչարյանի երեկվա հայտարարությունները, թե իր մտքով չի էլ անցել վերադառնալ քաղաքականություն, Միքայելյանը նկատեց. «Սերժ Սարգսյանն էլ որ եկավ իշխանության, Քոչարյանի մտքով անցնում էր մեկ օր հետո գալ իշխանության»: