Արցախում կյանք կա ու լինելու է: Դրա վառ վկայությունը մայիսի 9-ին Մարտունի քաղաքի «Ավագյան արենայի» վերաբացումն էր: Թշնամուց ընդամենը 1-2 կմ հեռավորության վրա Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հրթիռակոծված դաշտում արդեն հնարավոր է ֆուտբոլ խաղալ:
Դաշտի վերաբացման օրը պատահական չէր ընտրված: Պատերազմը խոր հետք թողեց, շողք գցեց մայիսի 9-ին՝ ամեն տարի նշվող եռատոնի վրա: Այդ պատճառով Մարտունի վարչական շրջանի ղեկավարությունը որոշեց ևս մեկ միջոցառում ավելացնել մայիսի 9-ի արարողակարգում:
Սպորտային տարբեր միջոցառումների՝ սեղանի թենիսի, շախմատի, ըմբշամարտի մրցաշարերը եզրափակվեցին «Ավագյան արենայում» կայացած խաղով: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
Մայիսի 9-ի առավոտյան Մարտունի վարչական շրջանի ղեկավարությունը, քաղաքի բնակիչները, ավանդույթի համաձայն, ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան պատերազմներում նահատակվածների ու Մոնթե Մելքոնյանի հուշարձանների պատվանդաններին: Այնուհետև քաղաքի մանկապատենական ստեղծագործական խմբի երեխաների ձեռքի աշխատանքներով ցուցահանդես կազմակերպվեց:
Սպորտային տարբեր մրցույթներում մեդալակիր դարձած երեխաները պարգևատրվեցին: Սեղանի թենիսի մրցաշարում մեդալակիր դարձած Սամվել Մարտիրոսյանը ցավով է հիշում պատերազմի օրերը: Չնայած փոքր տարիքին՝ արդեն հասկանում է, թե ինչ է կյանքն ու կռիվը, և չի էլ պատրաստվում հեռանալ հարազատ հողից:
Օրը եզրափակվեց քաղաքային մարզադաշտում կայացած ընկերական խաղով՝ Մարտունու և Ճարտարի վետերան թիմերի միջև:
«Կոնիֆա-2019»-ի համար կառուցված ստադիոնը, ինչպես նշեցինք, հրթիռակոծվել էր, որի հետևանքով 20 մետր շառավղով և 8 մետր խորությամբ փոս էր առաջացել: «Երազանք» հասարակական կազմակերպության ջանքերով կատարվել են փոսի լցման ու խոտածածկի կարգի բերման աշխատանքները:
Վարչական շրջանի ղեկավարը բարձր է գնահատում շրջանի բնակչության ավանդն ու ներդրումը Մարտունիում կյանքը կրկին ակտիվացնելու գործում: Բուն խաղում Մարտունու թիմը հաղթեց 5:3 հաշվով:
Արցախի ներքին առաջնությանը մասնակցող Մարտունին տնային հանդիպումներն արդեն կարող է անցկացնել «Ավագյան արենայում»:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան