Ազգային ժողովն այսօր երկրորդ ու արդեն վերջին անգամ վարչապետ չընտրեց։ Այսպիսով` 7-րդ գումարման խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։
Նիստը տևեց 8 ժամ։ Այսօր էլ, ինչպես մեկ շաբաթ առաջ, առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր։ Նախ մեկ ժամանոց ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ 2018-ից հետո գործադիրի իրականացրած փոփոխություններին, սկսեց տնտեսությունից։ 3 տարի առաջ կառավարությունը բիզնեսին 274 միլիարդ դրամի պարտք ուներ։ Տարիներով կուտակված ու բիզնեսից օտարված գումարը ոչ միայն ամբողջությամբ հետ է վերադարձվել, այլև օրենքի փոփոխությամբ ԱԱՀ-ն հիմա ամենամսյա է վճարվում։
Որպես ինստիտուցիոնալ փոփոխության մեկ այլ օրինակ Փաշինյանը մատնանշեց եկամտային հարկի համահարթեցման գործընթացը՝ նախ սահմանվեց 23 տոկոս, որը տարին մեկ, մեկ տոկոս իջնելով, 2023-ին կկազմի 20 տոկոս։ Սրա արդյունքում, ըստ վարչապետի պաշտոնակատարի, կրճատվել է ստվերային աշխատատեղերի թիվը։
34 միլիարդ դրամով ավելացել է համընդհանուր աշխատավարձային ֆոնդը՝ 2021-ի մարտը 2018-ի նույն ամսվա հետ համեմատեց Փաշինյանը, եզրահանգեց՝ կրճատվել է նաև ստվերային աշխատավարձերի չափը։ Հարկային եկամուտների պլանը կատարելու համար հարկահավաքն էլ սահմանվածից ավելի գումար չի պահանջում, վերացել է մենաշնորհների ինստիտուտը, փակվել է նաև բիզնեսում մասնաբաժին ստանալու թեման։
Վերջին 10 տարիների ամենաբարձր տնտեսական աճն էլ գրանցվեց 2019-ին՝ նշեց Փաշինյանը։ Ու թեև հետպատերազմյան, ճգնաժամային շրջանում ենք, բայց ռեկորդային չափի հարկերի հավաքագրում հիմա էլ եղավ՝ մեկ ամսում հասնելով 180 միլիարդ դրամի։ Գույքահարկի վճարների փոփոխումն էլ վարչապետի պաշտոնակատարը դարակազմիկ անվանեց, նշեց՝ սրանով վերականգնվել է սոցիալական արդարությունը։
Իրավական թեմաներից․ անդրադառանալով մեղադրանքներին, թե Կառավարությունը ձախողել է բարեփոխումներն արդարադատության ոլորտում, Փաշինյանը նշեց՝ այն ինչ արվել է քաղաքացու համար է և կապ չունի, որ իրենք էլ երբեմն դժգոհում են դրա ընթացքից։ Այս համատեքստում նա ընդգծեց՝ քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածների ու դատապարտվածների թիվն այսօր հասել է պատմական նվազագույնի, ավելին՝ բանտերում այլևս անմեղ մարդիկ չկան։
Թե ինչ է արել Կառավարությունն անգամ ամենահեռավոր համայնքում ապրող քաղաքացու համար, Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խնձորուտի և Ազնաբերդի օրինակով ներկայացրեց։ Միասին 650 բնակիչ ունեցող գյուղերի 14 կմ ճանապարհը կապիտալ նորոգվել է, ասֆալտը հասնում է մինչև ամենավերջին տան դարպասի մոտ։
Բնապահպանական ոլորտից խոսելով էլ Փաշինյանը հրապարկեց իր բնորոշմամբ մի սենսացիոն լուր՝ այս հունիս-հուլիսին Սևանի մակարդակը հասնելու է վերջին 60 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշին։ Ժողովրդագրության բնագավառում էլ մի շարք կարևոր փոփոխություններ կան՝ գյուղերում ապրող ու չաշխատող ծնողները մինչև երկու տարեկան երեխայի համար արդեն նպաստ են ստանում, աշխատող ծնողի համար էլ այդ նպաստի չափը կրկնապատկվել է, ավելացել են նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստները։ Վարչապետի պաշտոնակատարն առանձնացրեց նաև մանկատան սաներին բնակարանով ապահովելու ծրագիրը, ասաց՝ 2003-ից ի վեր պետությունն իր այդ պարտավորությունը չէր կատարել։ Արդեն սկսվել են նաև կրթական բարեփոխումները։
Ծավալուն ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում իրենց հասցեին հնչող գնահատականներին։ Ասաց՝ հայտնի շրջանակները փորձում են որպես թրքամետ ու թրքասեր ներկայացնել գործող իշխանությանը՝ կասկածի տակ դնելով նրանց վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Վերջին երեք տարում Հայոց ցեղասպանությունը դատապարտող կամ ճանաչող 9 հռչակագիր է ընդունվել, որը գրեթե 50 տոկոսն է նախորդ 10 տարվա ընթացքում ընդունած բանաձևերի։ Փաշինյանը շրջադարձային որակեց նաև ԱՄՆ Սենատի ստորին ու վերին պալատների, ապա նաև նախագահ Ջո Բայդենի՝ ցեղասպանության ճանաչման փաստը։
Արդյո՞ք թուրքը մեր թշնամին է՝ վերջերս հաճախ հնչող այս հարցին Փաշինյանն արձագանքեց՝ դա որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, կա պատմական իրողություն, բայց թշնամանքը պետք է կառավարել։ Երկրի ներսում էլ իշխանությունը խոստացել էր վերջ տալ թավիշին, բայց խոստումը չի կատարվել՝ կեսկատակ ասաց վարչապետի պաշտոնակատարն ու շեշտեց՝ հետպատերազմյան շրջանում թավիշը մեզ փրկել է քաղաքացիական պատերազմից։
Ընտրության մասին․ 2018-ից իշխանության տերը եղել ու մնում է ժողովուրդը՝ ընդգծեց Փաշինյանը։ Սպասվող արտահերթն անցելու է մաքուր համահասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների։ Այստեղ վարչապետի պաշտոնակատարն առանձնացրեց հունիսի 20-ին ընդառաջ արվող հարցումները, նկատեց՝ քաղաքացին այլևս կասկածի տակ չի դնում իր՝ իշխանություն ձևավորելու հնարավորությունը։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան էլ Փաշինյանը, որպես ամենամեծ ձախողում որակեց 44-օրյա պատերազմն ու Ղարաբաղյան հարցի շուրջ տեղի ունեցած զարգացումները։ Ասաց՝ եթե երեք տարի հետ գնար, միգուցե ամեն ինչ նույնությամբ չկրկներ, բայց, ըստ նրա, կա փաստ՝ 2018-ի ապրիլի դրությամբ Ղարաբաղի հարցում անդառնալիության կետն անցած էր։ «Լուսավորից» Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխանել էլ նշեց՝ նոր խորհրդարանի ամենակարևոր անելիքներից մեկը պետք է դառնա պատերազմի, նաև բանակցային ամբողջ գործընթացի հանգամանքերի քննությունը։
ԲՀԿ-ն այս հատուկ նիստին էլ ներկա չէր։ Ամբիոնին մոտեցած Արման Բաբաջանյանը դիմեց Փաշինյանին, պնդեց՝ այն որ հանցագործներն ազատության մեջ են, դեռ չի նշանակում, թե դատական համակարգն անկախ է։ Պատգմավորը նկատեց՝ մայիսի 9-ը ծանր էր ոչ միայն այն պատճառով, որ Շուշին օկուպացված է, այլև երեկ՝ իր բնորոշմամաբ, մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը ձեռք-ձեռքի բռնած խուժեցին Ազատության հրապարակ։
«Լուսավորից» Անի Սամսոնյանն էլ նորից դիմեց քաղաքական ուժերին ու կոչ արեց միանալ իրենց կուսակցության հրապարակած հայտարարությանը, որը քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու մասին է։ Ասաց՝ հույս ունի, որ այն անպատասխան չի մնա։
Խմբակցությունների անունից ելույթներում էլ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը հայտարարեց՝ 2019-ի դեկտեմբերին ձևավորված այս հեղափոխական խորհրդարանում իրենք, որպես ընդդիմություն, միշտ թիրախավորվել են, ենթարկվել են հարձակման։ Մարուքյանը պնդեց՝ թեև Փաշինյանն իր ելույթում բազմաթիվ թվեր էր ներկայացնում, իրական բարեփոխումները կյանքի չեն կոչվել։
Մարուքյանը դիմեց Կառավարության ղեկավարի պաշտոնակատարին, հայտարարեց՝ դուք ստացաք այն ընդդիմությունը, որն ուզում էիք։ Ապա դիմեց ժողովրդին, վստահեցրեց՝ այլընտրանք կա, ընտրության օրը պետք է գնահատել բոլորի արածն ու չարածը, նայել դեպի ապագա, հետքայլ չանել։
«Իմ քայլի» անունից էլ ելույթում Լիլիթ Մակունցը դիմեց Մարուքյանին, նշեց՝ ընդդիության նկատամամբ ճնշում չկա ու պետք չէ ստեղծել հալածյալի կերպար։ Եզրափակիչ խոսքում «Լուսավորի» ղեկավարին պատասխանեց նաև Փաշինյանը։ Խոսելով սկզբունքային լինելուց՝ հիշեցրեց 6-րդ գումարմարման ԱԺ-ում «Ելք» դաշինքի ծրագրի կետերը։
Փաշինյանը հայտարարեց՝ գործող իշխանությունը գնացել է հայտարարած արժեքների հետևից ու, ինչպես խոստացել էր, չի եղել վենդետա, կադրային ջարդ։ Նրա բնորշմամբ՝ «Իմ քայլն» անցել է դժվար փորձություններով, բայց խմբակցությունն այսօր էլ միասնական է ու ամուր։ Վարչապետի պաշտոնակատարը խոսքը եզրափակեց քաղաքացիական պայմանագրի՝ նախընտրական կարգախոսով։
Թեև այսօրվանից խորհրդարանը լուծարված է համարվում, կշարունակի աշխատել մինչև նոր՝ 8-րդ գումարման ԱԺ ձևավորումը։