Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի տարածքում նոր բախումներ են սկսվել իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև, նախքան սպասվող հրեական ազգայնականների քայլերթը:
Ըստ BBC-ի՝ պաղեստինցիները քարեր են նետել Իսրայելի անվտանգության ուժերի ուղղությամբ, վերջիններն էլ լուսաձայնային նռնակներ են կիրառել:
Վերջին երեք օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ և ավելի քան 20 իսրայելցի ոստիկան է վիրավորվել:
Իսրայելի վարչապետի խոսնակ Օֆիր Գենդելմանն ասել է, որ բախումների էպիկենտրոնը տեղափոխվել է Մարոկկոյի դարպաս, և «ոստիկանությունը ստիպված միջամտել է նրանց ցրելու համար»:
Ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների,Ալ Աքսա մզկիթի տարածքից ցուցարարներին հեռացնելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ, մի քանի մարդ ձերբակալվել է: Պաղեստինի Կարմիր մահիկի տվյալներով՝ բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, մոտ 80-ը հոսպիտալացվել են: Կազմակերպությունը պնդում է, որ բժիշկներին թույլ չի տրվել մոտենալ մզկիթին ու օգնել վիրավորներին:
Իսրայելի զինվորականների և պաղեստինցիների բախումները շարունակվում են մայիսի 7-ից: Դրանք նախ բռնկվել են Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղ իսրայելական դատարանի որոշմամբ մի քանի արաբական ընտանիք է վտարվում: Բողոքի ցույցերը, այնուհետև, տեղափոխվել են Տաճարի լեռ: