Շրջակա միջավայրի նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակի ահազանգին, որը մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին է:
Նախարարությունից պարզաբանում են՝ հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից։
Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումները գրություն են ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
«Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը։
Հիշեցենք նաև, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ որսի այս տեսակն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Օրենքում մասնավորապես ասվում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` ․․․ 14) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ»»,- հայտնում են ՇՄ-ից՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորելով անհապաղ ահազանգել ոստիկանություն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել շրջակա միջավայրի նախարարություն։