Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 10-ին ընդունել է ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունների պատվիրակությանը, որի կազմում էին Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժուլիեն-Տիգրան Հարունյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի և Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետ Ռոբեր Ազիլազյանը, Ֆրանսիայի հայ երիտասարդություն կազմակերպության նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն, Հայաստանի ծրագրերի ղեկավար Լուսինե Մելիքյանը, Հայ-ֆրանսիական առևտրի պալատի պատվավոր նախագահ Սիմոն Ազիլազյանը, ֆրանսահայ համայնքի բարեգործական ծրագրերում ընդգրկված հայ և ֆրանսիացի երիտասարդներ:
Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է սփյուռքահայության դերը հայրենիքի զարգացման բոլոր գործընթացներում: Նա, մասնավորապես, ընդգծել է ֆրանսահայության աջակցությունն Արցախյան երեք պատերազմների հետևանքները հաղթահարելու ծանրագույն գործում և բարձր գնահատել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունն ու հայրենիքի կողքին լինելու պատրաստակամությունը։
Հյուրերը նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են 44-օրյա պատերազմի ընթացքում տրամադրված հումանիտար օգնության, դրա բաշխման և հետագա անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նշենք, որ այդ ծրագրերի շրջանակում ֆրանսահայերի միջոցներով ԱԻ նախարարության կարիքների համար տրամադրվել է RENAULT մակնիշի 3 ավտոմեքենա:
Ա. Փիլոյանը վստահեցրել է, որ պատերազմի հետևանքները հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. «Այսօր ամենակարևորը միասնությունն է, այդ թվում՝ սփյուռքի հետ»։