Արդարադատության ոլորտում իրականացրել ենք հեղափոխական փոփոխություններ: ԱԺ- հատուկ նիստին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօր ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց պատմական նվազագույն թիվն է:
«Այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն: Կարծում եմ, որ հասել ենք ամենակարևոր փոփոխությանն արդարադատության ոլորտում: Մենք վստահ կարող ենք ասել, որ այսօր ՀՀ ՔԿՀ-ներում անմեղ մարդ չկա: ՀՀ արդարադատության ոլորտի մեծագույն պրոբլեմը եղել է այն, որ եղել է հանրային համոզմունք և իրականություն՝ բազմաթիվ մարդիկ, որոնք չպետք է լինեին քրեակատարողական հիմնարկներում, տարիներով նստել են, այդ թվում՝ քաղաքական պատճառներով: Այո՛, մենք հեղափոխություն ենք իրականացրել նաև արդարադատության ոլորտում»,- նշեց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ հիմա շատերը մոռացել են, որ ժամանակին ՔԿՀ-ներում մարդիկ հերթով էին քնում, իսկ այսօր չկա այդ խնդիրը:
«Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը նեղել է ընդդիմությանը, իսկ այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը. բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում: Հայաստանի երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ կալանավորված և դատապարտված անձը ուտում է պետության տված հացը: Քրեակատարողական հիմնարկում պետության տված հաց ուտելը նշանակել է ինչ-որ անարժանապատիվ բան, որովհետև այդ տված հացն արժանապատիվ չի եղել»,- ասաց Փաշինյանը: Նշեց՝ քրիստոնեությունը և քրիստոնեական արժեքները վերաբերմունք են մարդու նկատմամբ, և ՀՀ-ում մարդու նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: